հենված դուրս է գալիս մի պառա՜վ-պառավ կին։ Հենզելն ու Գրետելը էնքան են վախենում, էնքան են վախենում, որ պատառները ձեռներիցը վեր են գցում։ Իսկ պառավը գլուխը շարժելով առաջ է գալիս.
— Վո՜ւյ, երեխեք ջան, էդ ո՞վ բերեց ձեզ էստեղ։ Նե՛րս եկեք, եկե՛ք ինձ մոտ կացեք, մի՛ վախենաք, ոչ մեկիդ վնաս չեմ տալ։
Ասում է, թաթներիցը բռնում ու ներս տանում։ Տանում է, լավ նախաճաշ է տալիս․ էլ կաթը, շաքարահաց, էլ խնձոր, էլ ընկուզ։ Հետո երկու տեղ է գցում մաքուր, ճերմակ։ Հենզելն ու Գրետելը որ պառկում են, էնպես է թվում, թե դրախտն ընկան։
Դու մի՛ ասիլ պառավն էսպես բարի փաղաքուշ է ձևանում, բայց իսկապես մի չար կախարդ է եղել, ամեն կերպ հետևում է երեխաներին և դիտմամբ էլ տունը հացից է շինել, որ նրանց հեշտ գրավի դեպի իրեն։ Ով ճանկն է ընկնում, սպանում է, եփում, լափում, էդ նրա համար մի ուրախություն է։
Կախարդների աչքերը սովորաբար կարմիր են լինում ու հեռու չեն տեսնում, բայց զարմանալի սուր հոտառություն են ունենում, ճիշտ գիշատիչ գազանների պես։ Անց կենող մարդու հոտը հեռվից են իմանում։ Երբ որ Հենզելն ու Գրետելը նրա տնակի մոտերքը թափառելիս են լինում, նա հեռվից արդեն նրանց հոտն առնում է, չարախնդաց ծիծաղում ու վռչում։
— Է՜, սրանք արդեն ճանկումս են… սրանք էլ ինձանից չեն պրծնիլ…
Առավոտը ծեգին, երեխաներից առաջ, չար կախարդը մի շուտով տեղիցը վեր է թռչում ու երբ տեսնում է նրանց էնպես խաղաղ քնած, լիքը, վարդագույն թշերով, իրեն-իրեն մռմռում է.
— Ուխա՜յ, ինչ անուշ պատառներ են…
Հենզելին բռնում է իր ոսկրոտ ձեռներով, քարշ է տալիս, տանում հավանոցը գցում, վանդակավոր դուռը փակում ու թողնում էնտեղ գոռա, ինչքան սիրտը կուզի։ Ինչքան