էլ գոռա, էլ ի՞նչ պետք է անի։ Հետո գնում է Գրետելի ետևից, հրում է ու ճղճղում.
— Դե, շո՛ւտ, վե՛ր կաց, ծո՛ւյլ աղջիկ։ Գնա ջուր բեր, եղբորդ համար մի որևէ համով բան եփիր։ Հրեն հավանոցում փակել եմ, պետք է նրան կերակրել, որ մի չավ չաղանա ինձ համար… Պետք է չաղանա, որ ուտեմ…
Գրետելն ուզում է լաց լինի, բայց էդ բոլորը զուր էին․ մնում է սուսուփուս պառավի հրամանները կատարել։ Ու սկսում է Հենզելի համար համով կերակուրներ եփել, իսկ իրեն՝ Գրետելին, բացի չոր ոսկորներից բան չէր տալիս։
Ամեն առավոտ պառավը գնում է հավանոցի դուռը կտրում ու կանչում.
— Հե՛նզել, մատդ դեսը մեկնիր, տեսնեմ՝ չաղացե՞լ ես, թե չէ։
Հենզելը մատի տեղակ միշտ մի ոսկոր է դուրս մեկնում, պառավն էլ որ չավ չի տեսնում, չի կարողանում ջոկի, մտածում է, որ Հենզելի մատն է, ու զարմանում է, թե ինչպես է, որ Հենզելն իսկի չի չաղանում։
Էսպես չորս շաբաթը անց է կենում, Հենզելը էլի մնում է նիհար. պառավի համբերությունը հատնում է ու էլ չի ուզում սպասի։
— Դե՛, հայդե՛, Գրետել, գնա ջուր բեր․ չաղ լինի թե նիհար, միևնույն է, էգուց Հենզելին մորթելու եմ, եփեմ ուտեմ։
Ինչքա՜ն է դարդ անում խեղճ Գրետելը, ինչքա՜ն է դարդ անում ջուր բերելիս։
— Ողորմած աստվա՛ծ, դու մեզ օգնության հասնես,— կանչում է նա։— Երանի թե անտառումը մեզ գազանները պատառոտեին, գոնե ես ու Հենզելը միասին կլինեինք։
— Զուր սիրտդ մի՛ մաշիր,— ասում է պառավը,– միևնույն է, էլ ոչ մի բան չի օգնի։
Առավոտը վաղ Գրետելը պետք է վեր կենար, պղինձը կրակին դներ, ջրով լցներ ու տակին կրակ աներ։
— Ամենից առաջ դեռ մի թխվածք անենք․ ես արդեն փուռը վառել եմ ու խմորը հունցել։
Ասում է պառավն ու տանում է խեղճ Գրետելին փռան