Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 Ասում է գելն ու տեղիցը ներքև թռչում, ձեռաց կուլ տալիս խեղճ Կարմրիկին։

Սրան էլ կուլ է տալիս, կշտանում է ու նորից անկողնում պառկում, խռմփացնելով քնում։ Հենց էս ժամանակ, դու մի՛ ասիլ, մի որսկան էդ պառավի տան մոտիցն անց է կենում։ Ասում է.

— Էս պառավն ինչո՞ւ է էսպես խռմփացնում, մի տեսնեմ, չլինի՞ թե հետը բան է պատահել…

Ներս է մտնում, մահճակալին մոտենում, տեսնում է՝ պառավի տեղը պառկած գելը։

— Հը՜, վերջապես ճանկս ընկար, անիծվա՛ծ, վաղուց էի քեզ ման գալիս։

Ասում է որսկանն ու մին ուզում է հրացանով զարկի, մին էլ մտածում է, թե կարելի է՝ պառավին կուլ է տվել, ու կարելի է դեռ նրան փրկել։ Էլ հրացանով չի զարկում, դանակն առնում է ու սկսում է փորը ճղել։ Մի քիչ ճղում է թե չէ՝ մի կարմիր գլխարկ է երևում, մի քիչ էլ ճղում է, Կարմրիկը կենդանի–կենդանի դուրս է թռչում ու կանչում.

— Վա՜յ, ի՜նչքան վախեցա… ի՜նչ մութն էր գիլի փորումը…

Նրա ետևից էլ տատն է դուրս գալիս, նա էլ էր դեռ կենդանի, բայց դժար էր շունչը քաշում։

Էստեղ Կարմրիկը շտապով մեծ-մեծ քարեր է հավաքում, էն քարերով բերում են գիլի փորը լցնում։ Գելը զարթնում է, ուզում է տեղիցը թռչի, դուրս փախչի, բայց քարերից էնքան ծանրացել էր, որ տեղնուտեղը վեր է ընկնում, գետնովը դիպչում, սատկում։

Ամենքն էլ էնպես ուրախանում են, էնպես ուրախանում են, որ էլ լեզվով ասել չի լինիլ։ Որսկանը գիլի մորթին պոկում է, վեր կալնում գնում, պառավը նստում է, սկսում է Կարմրիկի բերած գաթեն ուտել, գինին խմել ու քիչ–քիչ ուժի գալ, իսկ Կարմրիկը մտածում է.

— Չէ՛, էս մինը բավական էր, էլ երբեք ճամփից դուրս չեմ գալ ու մենակ անտառն ընկնիլ, երբ որ մայրիկը չի թողնում։

376