Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասում են, սրանից ետը մի անգամ էլ Կարմրիկը երբ որ իր տատի համար թխվածք է եղել տանելիս, մի ուրիշ գել է ուզեցել նրան համոզի, որ ճամփիցը դուրս գա։ Բայց Կարմրիկն զգուշացել է ու իր ճամփեն է գնացել։ Երբ որ տատի մոտ է հասել՝ պատմել է, թե հապա՝ էսպես մի գել պատահեց ինձ ճամփին, բարևեց, բայց էնպես չար աչքով էր նայում, որ թե ճամփի մեջ չլինեինք, հավատա, թե ինձ ուտեր…

Տատն ասել է.

— Վա՜յ, Կարմրիկ ջան, կաց դուռը փակենք, որ չլինի, թե էդ գելը գա հանկարծ։

Մի քիչ կենում են, տեսնում են՝ գելը դուռը ծեծում է ու ձեն է տալիս.

–Տատի՛, դուռը բաց արա, ես Կարմրիկն եմ, քեզ համար գաթա եմ բերել…

Տատն ու Կարմրիկը ոչ պատասխան են տալիս, ոչ դուռը բաց են անում։ Սրանից ետը գելը մի քանի անգամ էլ տան չորս կողմովը պտույտ է գալիս ու բարձրանում կտուրը։ Էնտեղ սպասում է, թե երբ պետք է իրիկունը Կարմրիկը դուրս գա իրենց տունը գնալու, որ բռնի ուտի։ Տատը գլխի է ընկնում նրա մտքինը։

Դռանը, հենց տան պատի տակին, մի մեծ կոթ է լինում ջրով. Կարմրիկին ասում է.

— Կարմրիկ ջան, էստեղ մսի խաշու (եփած մսի ջուր) կա, վեր կալ էս խաշուն, տար ածա կոթի մեջը։

Կարմրիկը մսի խաշուն տանում է, ածում դռան մեծ կոթի մեջը, էնքան, որ կոթը պռնգեպռունգ լցվում է։

Էս խաշվի հոտը վեր է բարձրանում, ընկնում գիլի քիթը։ Գելը փնչացնում է, վերևից սկսում է ծիկրակել, թաքուն նայել դեպի ներքև, վիզը ձգո՜ւմ է, ձգո՜ւմ է, էնքան ձգում է, որ էլ չի կարողանում իրան պահի, թրը՛մփ, ընկնում է ուղիղ կոթի մեջը, խեղդվում։ Կարմրիկն էլ ուրախ–ուրախ վեր է կենում, գնում իրենց տունը, էն է լինում էն, էլ ճամփին ոչ ոք ձեռք չի տալիս նրան։

377