Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ որ եկավ, նրա աչքի առաջից էլ չէր հեռանում արտասվող դարբինը[1]։ Այնինչ Վահանը պատրաստություն էր տեսնում դեպի քաղաք փախչելու։

— Հիմի աչքդ դուս գա, թող փախչի, երկրե-երկիր կորչի․․․ սիրտդ հովանա․․․ ջանդ դինջանա․․․ էնքան բայղուշի նման․․․ ուզածդ արիր․․․— Ամեն տուն մտնելով, արտասվելով հանդիմանում էր կինը, և խեղճ Նեսոն առանց ձայն հանելու, խոստովանված մեղավորի նման դուրս էր գալիս։ Վերջապես մի օր սկսեց այսպես խոսալ տղի հետ։

— Ա՛յ որդի, բա ես որ ճար ունենամ, քու սիրտը կկոտրե՞մ, ես չե՞մ ուզում, որ դու ուսում առնե՞ս, ամա որ մեջքս վրա չի գալիս ի՞նչ անեմ, ո՞ր քարիցն ընկնեմ․․․

— Դե ես խու բան չեմ ասում։

— Բանն էն ա, որ խռովել ես․ հենց գիտես ես վարավուրդ չեմ անում, թե ինչ ես անում․․․ որ մեր տանը նստես, մի կտոր հաց ա, աշխատենք, իրար հետ ուտենք, ինչ կըլի․․․ Ի՞նչ ես կորցրել քաղաքումը․․․ Գնաս, էգուց էլ[2] քեզ խաբեն, գլուխդ մի մաթուշկա կապեն, բաս մենք մեղք չե՞նք․․․

Մայրն էլ մյուս կողմից էր աշխատում որդու սիրտն առնել, ամեն բան անել, ինչ որ Վահանը կուզի․ հակառակին Վահանն էլ բան չէր ուզում։

— Վահան ջան, ձվածեղ անեմ կեր։

— Ուզում չեմ[3]։

— Վահան ջան, ո՞ւր կուզես գնանք։

— Ոչ մի տեղ չեմ ուզում։

— Բաս էդ ի՞նչ ես միտք անում։

— Ես միտք չեմ անում։

— Վահան ջան, ինչ կուզես արա, քաղաք գնալու վրա միտք չանես, ո՛ր օրը դու քաղաք գնաս՝ էն օրը ես կմեռնեմ․․․ լսում ե՞ս դարբնի կնկա ձենը․․․ իմ օրն էլ էն կըլի․․․

— Չեմ գնալ, չէ՛․․․

— Դե ասա՝ իմ արևը։

— Իմ արևը։

  1. [Այժմ նա լուռ ու մունջ տանում էր կնոջ թաքուն հանդիմանությունները]
  2. [օր]
  3. Չեմ ուզում