Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց մոտ էին հավաքվում ընկերներն ու վիճում, երգում, ժամանակներն անց կացնում։ Երբեմն էլ քեֆ էին անում։ Նրանց քեֆի սեղանը դատարկ էր համարյա, մի քիչ հաց ու պանիր էր մնում, կանաչի, կալբաս և մի երկու շիշ գինի։

Գինի՜, գինի՜, կուտաս հոգի,
Կխմեմ գինի, կզվարթանամ,
Տրա լա, լա, լա, լա․․․[1]
Զեյթունցինե՜ր, մեր զբոսանք
Են պատերազմ ու արշավանք․․․


միացած գոռում էին մի քանի ձայներ, իբրև թե երգում էին։

— Կեցցե՛ հողագործը, կեցցե՛ ժողովուրդը,— նրանց գոռոցի մեջ ավելի բարձր կանչում էր մի կարմրատակած երիտասարդ։ Նա ոտքի կանգնած, բաժակը գլխիցը վեր տարածած[2] ձգվում էր սեղանի վրա[3]՝ շարունակ գոռալով՝ կեցցե՛ ժողովուրդը։

— Կեցցե՜, հուռռա՜,— երգերն ընդհատելով, բաժակներն իրար շրխկացրին տղերքը և խմեցին ժողովրդի կենացը։ Դեռ կուլ չտված, մեկը ոգևորված ձեռքերը տարածեց ու հանդիսավոր չափ զարկելով, սկսեց․

Ահա ծագեց կարմիր արև,
Ջերմ ու պայծառ է օրը,
Դե քաշեցեք, սիրուն եզներ,
Առաջ տարեք արորը։


Նրան հետևեցին մյուսները[4] և երգում էին միասին[5]։

— Սպասեցե՛ք,— տեղիցը վեր կացած գոչում էր թամադեն։

Տղերքը երգում էին։

— Սս՜ս՜, սպասեցեք, Սեդրակ, լռիր, սպասիր, Սի<մ>ոն, սպասի՛ր։

  1. [Ներսից լսվում էր․ Գոռում էր մեկը]
  2. [մերթ]
  3. [յուր կենացն առաջարկելով, որ ընկերների ուշադրությունը գրավի]
  4. հետևեց խումբը
  5. [― Այս էլ այս երգի հեղինակի կենացը― Րաֆֆու կենացը,― գժի նման առաջարկեց մեկը]