Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ, որ այս սարերի ետևը (նա մատը մեկնեց դեպի սենյակի մի պատը) կան հով ու կանաչ սարեր, և այն մեր սարերն են․ այս հոտած ջրերը խմելիս՝ մեր կաթնաղբյուրցիների համար եմ հառաչում, կանտորում փակված սիրտս նեղանալիս՝ մեր դաշտերի ընդարձակությունն եմ մտաբերում, խազեինիս թթված երեսը տեսնելիս կամ աղաչական հանդիմանություններն ու հրամանները լսելիս, հիշում եմ, որ ես[1] մի հարգված ու լուսավոր մարդ եմ իմ բնագավառում․․․

Ի՞նչ եմ ես ինձ համար․․․

Սակայն չէ՛ որ մարդը միայն ինքն իրան համար չի․ անհատը սերտ կապված է անհատների և[2] բազմությունների հետ, և մեր մարմինը, մեր հոգին, մեր միտքը, մեր սիրտը կազմում են այդ կապը[3]։ Ես էլ անդադար, ամեն տեղ ման գալիս, նստած թե կանգնած, միշտ մտածում եմ իմ հարազատների մասին։ Նրանք սև օրով ու դառը քրտինքով աշխատել՝ ինձ[4] շատ թե քիչ ուսում են տվել։ Նրանք հույսեր են դրել իմ[5] ուսման վրա, նրանք տարիներով սպասել են իմ վերադարձին, և դեռ այսօր էլ վիզները ծռած, հուսախաբ[6], սրտակոտոր նայում են իմ ճամփին և անիծում են ուսումը[7], որ այսքան չարաբեր կարող է լինել[8], ոչ թե միայն օգնող չտալ, այլև խլել, խորթացնել հարազատ զավակին․․․

Այստեղ էլ դուրս եկա մի անպիտան ապերախտ[9]։ Մնում է մի հարց, որ գուցե ինձ պարզերես աներ... արդարացներ։ Ի՞նչ եմ անում ես այստեղ, այս հասարակության համար։ Ինչո՞վ եմ մասնակից նրա խնդիրներին։ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել իմ ուժերից, իմ բարոյական կարողությունից շատ բարձր պայմանների մեջ ապրող մի բազմության[10] համար— ոչնչով։ Ի՞նչ եմ ես այս հասարակության համար— զրո։ Եվ միթե ավելի մեծ անբախտություն կլինի՞, քան այն թշվառ գիտակցությունը, որով մարդ մի տեղ, մի հասարակության մեջ զգում է յուր ոչնչությունը։

Ես այսպես եմ։

  1. [մարդ եմ իմ]
  2. [այդ անհատներից բաղկացած]
  3. [Եվ ահա]
  4. [մեզ]
  5. [մեր]
  6. հուսաբեկ
  7. ուսումն ու [գիտությունը]
  8. [գրկի]
  9. [Այժմ մնում է դրան մի խնդի― դրանցից ոչ պակաս կարևոր]
  10. [ժողովրդի]