Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է անեմ,— պատասխանեց[1] Սուրենը։— Նախ և առաջ բնության մեջ կապրեմ[2]։

— Իսկ այստեղ չե՞ս ապրում։

— Ո՛չ, այստեղ չենք ապրում, այստեղ մենք ծյուրում ենք[3]․ գիտե՞ս ի՛նչ կնշանակի ծյուրել։

— Գուցե դու ուրիշ բան ես ասում,— տարակուսանքով[4] խոսեց տ<իկին> Անիչկեն,— երբ որ դու ասում ես բնություն, ես ձեր գյուղն եմ հասկանում։

— Այո՛, հենց մեր գյուղը։

— Դե[5] ես էլ հարցնում եմ, թե այստեղ, օրինակ, մի գործ ունես, այնտեղ ի՞նչ պետք է անես։

— Այնտեղ ես էլ այն կանեմ, ինչ որ իմ եղբայրն է անում — հող կմշակեմ, բայց ավելի կատարելագործված ձևով[6], մեղվապահությամբ կպարապեմ[7], շերամ կպահենք․․․ Ինչով ուզես կպարապենք մեզ համար, մեր տանը, ազատ, անկախ[8]․․․

— Հավեր կպահենք,— հեգնեց[9] տիկինը։

— Այո, հավեր էլ կպահենք։

— Հետո ձու կհավաքենք, դու կբերես[10] քաղաք ծախելու, ձեր գյուղացոց նման։

— Կատակը թող, Անիչկա, մենք հետո կատակ կանենք։ Ես քեզ ասում եմ՝ այս կյանքը դատարկ, անտանելի կյանք է, ես ուզում եմ գնալ ապրել և գործել գյուղում։ Չէ՛ որ այսպիսի բաներ գրքերում կարդալիս դու շատ ես հավանում, այժմ[11] քեզ առաջարկում եմ՝ գնանք գյուղը։

— Է, բավական էր, Սուրեն, ես քեզ քանի անգամ ասել եմ, որ այդ բանից մի խոսի՛ր։

— Ինչո՞ւ։

— Այնպես․ ես չեմ գալ։

— Ինչո՞ւ չես գալ։

  1. [վիրավորված]
  2. [իսկ այստեղ ծյուրում եմ, գիտե՞ս ինչ կնշանակի ծյուրել։— Բնությունը որ դու ասում ես, ես ձեր գյուղն եմ հասկանում։— Այո՛, հենց մեր գյուղը]
  3. [ծյուրո՜ւմ]
  4. [հարցրեց տիկինը, բայց]
  5. [այդ]
  6. [մեղու կը]
  7. [շերամապահությամբ]
  8. [հարգված, պիտանի մաքուր]
  9. [շարունակեց]
  10. [կուղարկենք]
  11. [ահա]