Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 – Դու գիտես,– բաժանվելիս ասաց Արշակը,– հետո կփոշմանես... ամեն բան էս երկու օրումը կվերջանա, ես էլ պետք է աշխատեմ, որ քեզ տան ձեր հարևանին։

Այս իրիկունից հոգեկան սարսափելի տանջանքներ սկսվեցին Շողերի համար։ Խոսակցությունն ավելի սաստկանում էր, արդեն ուզում էին խոսալ նշանդրության օրի մասին։ Շողերն ընդմիշտ զրկվում էր յուր սիրած Գևոյից, որին կարող էր ստանալ, եթե համաձայներ Արշակի հետ․․․

Որն է լավ, մի անգամ Արշակի առաջարկությունն ընդունել, թե՞ ընդմիշտ դառնալ կինը յուր ատած Մաթոսի․․․ այն Մաթոսի, որ չարժեր, նույնիսկ Արշակի մի մատին․․․ Այդ համաձայնությունը միանգամից որոշում է, վճռում է Շողերի բախտը․․․ Ուրիշ ճանապարհ չկա, նա խոմ չի կարող ծնողներին ասել, թե ես ձեր սիրած տղին չեմ ուզում, «ես էլ ուրիշ տղա եմ սիրել», այդ միջոցն ավելի կծանրացներ Շողերի թշվառությունը, և իսկի Շողերն էլ ո՛չ սիրտ ուներ, ո՛չ կարող էր այդպիսի բան ասել յուր հորն ու մորը։

Էլ Արշակն էր միակ հնարը․․․ կամ պետք էր խեղդվել․․․

Բայց խեղդվե՞լն է լավ, թե՞ Արշակին համաձայնելը։

Մի քանի անտանելի օրերից հետո, սարսափելի տանջանքներից[1], ծածուկ լալուց, մտքումը հազար ու մին տարօրինակ վճիռներ անելուց ու քանդելուց հետո, մի օր դարձյալ ժամադրության հրավիրեց Արշակին։

Այդ գիշեր նրանք մտան մի մութ մարագի շեմք։

– Միայն խոսք ես տալի՞ս, որ էդ բանը գլուխ բերես,– դողդողալով հարցրեց աղջիկը[2]։

– Էդ իմ ձեռին ա,– խոստացավ Արշակը[3] և տենդային դողով համբուրեց․․․ գրկեց[4]։

– Ամա խոսքիցդ ետ չկանգնես, ա՛յ․․․

Էլ ոչինչ չլսվեց․․․

Միայն երկու շաբաթից հետո լսվեց, որ[5] Շողերը նշանվեց․․․

  1. [արտ<ասուք>]
  2. [Ուզում ես գնամ նրա մատանին բերեմ առավոտը․․․]
  3. [մի]
  4. [մթնում]
  5. [մի քանի օր երկու շաբաթից հետո]