– Կուզե՞ս քո նշանածի հետ պսակել տամ քեզ։
Շողերը քարացել էր։
– Կուզե՞ս․․․– կրկնեց քննիչն ավելի մեղմ։
– Հա,– շշնջաց աղջիկը՝ դողալով ու թուքը կուլ տալով։
– Հա՞․․․– կրկնեց քննիչն ու ուրախացածի պես և փաղաքշելով ձեռքն ուսից փոխադրեց գլուխը։
Շողերի մտքովն անցավ նրա ձեռքը դեն ձգել յուր գլխից, բայց առաջ խելոք համարեց հարցնել.
– Ախար[1] Սարոն ինձ էլ չի ուզում։
– Էդ իմ ձեռքի բանն ա, դու կտեսնես ինչպես կուզի,– ապահովացրեց[2]– քննիչը, ձեռքն անց կացնելով մյուս ուսը։
– Նա որ չի ուզում, դու ինչ պետք է անես,– դարձյալ հարցրեց աղջիկը, հաստատ իմանալու համար յուր դրության գինը։
– Ես նրան․․․ քու ինչին է պետք. դու ուզո՞ւմ ես նրա հետ պսակվել։
– Ուզում եմ։
– Այդքանը[3] Մնացածը ես գիտեմ․․․– ձեռքն արդեն փաթաթել էր աղջկա վզովը, իսկ մյուս ձեռքով բավական բարձրացրեց երեսի ծածկոցը։
Մի․․․ երկու րոպեից հետո քննիչի սեղանը շրխկաց։ Հայրը հազաց դրսիցը, ներսից նրան պատասխան չտվին։
Մեկ էլ հազաց․․․
Մի քիչ կացավ, երրորդ անգամն էլ որ հազաց, ներս կանչվեցավ։
Դուրս գնալիս քննիչը հորն ու աղջկանը կրկին արավ յուր խոստմունքը և[4] հայտնեց, թե ինքը քննության մեջ գրել է, որ աղջիկը յուր նշանածից է հղացել, դուք էլ այս խոսքի վրա կանգնեցեք․․․
– Ախար էդ ո՞նց կըլի,– վախեցած հարցրեց աղջիկը։ Արշակը պրծավ այդտեղ։
– Դուք այսպես ասացեք, ասում եմ ձեզ,– կրկնեց քննիչը