մի փոքր կոպիտ ու բարկացած,– լավ, լավ,– և դուռը ետ տարավ հոր ու աղջկա ետևից[1]։
«Սա էլ խաբեց, սև ամպի նման»,– անցավ Շողերի մտքովը։
Գործը քննիչը հանձնել էր դատարանին։
Ներս մտնելիս Շողերը լսում էր, թե ինչպես էին․․․ շշնջում. «Խեղճ տղա, կկորչի, զուր կգնա» և ալլն։
Մեղադրյալը՝ Սարոն, կանգնած էր մի կողմ, նրա դիմաց՝ Շողերն ու յուր հայրը։
– Չե՞ք հաշտվում,– հարցրեց դա<տավորը>։
– Ես հաշտվում եմ, թե որ պսակվի,– ասաց աղջկա հայրը[2]։
– Դու չես հաշտվո՞ւմ[3], Սարո,– հարցրեք դատավորը։
– Ոչ, աղա, ես ուզում եմ իմանալ, թե ինչ ա իմ մեղքը, որ ինձ բերել են էստեղ, աննամուսությունն իրանք են արել, իրանք են իմ գլուխը կտրել, իրանք են․․․
– Լռի՛ր,– ձայն տվեց դատավորը և զգուշացրեց, որ եթե չհաշտվի, Սիբիր կերթա, կկորչի, այնպիսի հանցանք է գործել։
– Թող Սիբիր գնամ, ինչ անեմ, հալբաթ վերևն աստված կա,– մեղմ ու խղճալի պատասխանով լռեց Սարոն։
– Դու քանի ժամանակ է նշանված ես։
– Վեց ամիս դեռ չկա, աղա։
– Օխտն ամիս ա,– հանկարծ[4] մեջ ընկավ աղջկա հայրը։– Դեկտեմբերին ես նշանվել՝ դեկտ<եմբեր> , հուն<վար>, փետ<րվար>, մ<արտ>, օխտն ամիս ա, խի՞ ես սուտ խոսում։
– Հա՛, օխտն ամիս ըլի,– համաձայներ Սարոն։
– Աղա, հիմի սրա խոսքին էլ հավատալ կըլի՞,– գործը տարածի ձևով դիմեց աղջկա հայրը դատավորին։
– Սպասիր,– կանգնեց դատավորը, շարունակեց հարցը,– քանի՞ անգամ ես եկել նշանածիդ մոտ։