գլուխը պաշտպանեց ու սեղմվեց պատին։ Վասոն պատրաստվում էր մի ուրիշ ձևի հարված էլ հասցնելու, բայց դուրսը բարձրացավ խազեինի ձայնը։ Գալիս էր։
– Աբա տես հիմի քեզ ի՞նչ է անում,– սպառնաց Վասոն։
«Հիմի ինձ կսպանեն»,– անցավ Գիքորի մտքովը, ու խեղճի հոգին տապ արավ։
Խազեինը արդեն բավականին ծեծել էր խանութում, այժմ միայն հրամայեց հաց չտան, որ իմանա, թե ինչ բան է քաղցածությունը։
Վտանգն անցավ։
Գիքորը հանգստացավ, թեև լսում էր աղջիկ պարոնի ձայնը, որ ճչում էր. «Ախր ընչի՞ ես պահում, դուրս արա կորչի, էլի, դուրս արա կորչի՛․․․»։
9
Գիքորը կծկվեց վերմակի մեջ, գլուխը կոխեց տակը, տապ արավ։
«Լուսնյակ գիշեր, բոլորովին քուն չունեմ,
Ինձ տեսնողը կարծում է, թե տուն չունեմ, վա՜յ, տուն չունե՜մ․․․» իր երգը երգելով Վասոն հաց էր ուտում։ Գիքորը վերմակի տակից երբեմն զգույշ ծիկրակում, թաքուն նայում էր նրան, կրկին աչքերը ծածկում։ Նա էն օրը հաց չէր դրել բերանը, ծեծվել ու լաց էր եղել, այժմ էլ քաղցած պառկեց, ու քունը չէր տանում։
– Հը՞, ո՞նց ա, սոված քունդ չի՞ տանում, հա՜, էդպե՜ս․․․– նկատեց չարաճճի Վասոն ու մի կտոր հաց ու պանիր տվավ Գիքորին,– Դե, առ, տեղի տակին թաքուն կեր, խազեինը չիմանա։
Գիքորը հափշտակեց հաց ու պանիրը, գլուխը կոխեց տեղի տակը, թաքուն ուտում էր ու մտածում։ Մտածում էր իրենց տան վրա, էն օրերի վրա, երբ ազատ խաղում էր հանդերում ու լիասիրտ հաց ուտում, մտածում էր էն երեկոների վրա, երբ հերն ու մերը կռվում էին իրեն քաղաք բերելու համար․․․ մերը լաց էր լինում, չէր ուզում․․․
– Ա՜խ, նանի ջան, ի՜նչ լավ էր սիրտդ իմացել,– հառաչում
48