Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր Գիքորը տեղի տակին ու հաց ու պանիրն ուտում՝ ականջը սրած, թե խազեինը հո չի գալի։

Իսկ առավոտը կանգնած էր խանութի դռանը։

10

Խանութի դռանը կանգնած ձեն էր տալի Գիքորը, մուշտարի էր կանչում ու բարձր ձենով գովում իրենց ապրանքը։

– Կանչի, է՛, տ՛ո․ ի՛նչ ես մնջվել, մնացել կանգնած։ Բերանումդ հո ջուր չկա՞։

— Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք․․․— կանչում էր Գիքորը։

Ներսը ծիծաղից թուլանում էին։

Նրան սովրեցրել էին, որ մուշտարի քաշի դեպի իրենց խանութը։ Եվ նա հաճախ բռնում էր էս կամ էն անցորդի փեշից, կոպիտ ու համառ սկսում էր քաշել դեպի խանութը ու բաց չէր թողնում, մինչև որ մարդը դուրս էր գալի համբերությունից։ Գալիս էր դարձյալ իր տեղը կանգնում ու կանչում։

Ամառվա տոթ օրերին, խանութի դռանը երկար կանգնելուց հոգնած, նա երբեմն նստած քնում էր խանութի առաջին դարսած չթերի վրա։

Էդ ժամանակ չարաճճի ընկերները կամ հարևանները բռնոթի էին բռնում նրա քթի տակը։

Նա փռշտալով վեր էր թռչում։

Շոգից թմրած վաճառականները զվարճանում էին։ Իսկ խազեինը կուշտ ծիծաղելուց հետո ձայն էր տալի․

– Քնում ե՞ս, տո, արջի քոթոթ, կանչի, է՛․․․

– Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք,– ձեն էր տալի Գիքորը։

11

Մի օր էլ Գիքորը երբ մուշտարի էր կանչում, դիմացից երկու գյուղացի դուրս եկան։ Նա վազեց, փաթաթվեց գյուղացիներին։

49