տեսնում է, որ արջը մտավ արտը և սկսեց ուտել ու տրորել, արձակում է հրացանը, գնդակահար արջը ընկնում է։ Իսկ ինքը մտածելով, թե չիցէ վիրավորված լինի արջը ու վնաս տա իրեն, սկսում է փախչել։ Առավոտը՝ գնում է տեսնում, որ յուր բարեկամից խնդրած եզն է սպանել։
Լոռըցին ու աշտարակցին հնձում էին միասին։ Ճաշի ժամանակ մածուն բերին հնձվորների համար, որոնք մածնաբրթուճը պատրաստելուց հետո տեսան, որ գդալը մի հատ է երկուսի տեղ։ Գդալակոզի–գդալփոխ անելու լոռըցին չհամաձայնեց, ասելով, ես գդալով կուտեմ, դու ձեռքով կեր։ Ի վերջո վճռեցին, որ յուրաքանչյուրը իրենց գյուղերից յոթի անունը տան միմյանց ետևից, ով որ շուտ ասե՝ գդալը տան նրան,– լոռըցին վերա տվեց– դսեղ, Ուցուն, Մարց, Ագարակ, Բերդ, Ամրակից, Գյուլաքարակ, խաշըղի բելա գյարաք (գդալը դեսն արա)։ Աշտարակցին չէր հասել կեսը՝ որ լոռըցին լպստեց թասը։ Բայց այս անեկդոտը աշտարակցին պատմում է ուրիշ կերպով․ վեճը միևնույն առարկայի վերա է– միայն այս դեպքում հաղթողը աշտարակցին է։ Աշտարակցիները հայտնի են իրենց ճարպիկ լեզվով և սրամտությամբ։ Մեր իմացած դեպքում աշտարակցին վերա է տալիս՝ Ուշի, Օշական, Փարբի, Բյուրական, Թալին, Թալիշ, Մաստարա, գդալի պոչը դեսն արա։
Մի լոռըցի գալիս է քաղաք և տեսնում է, որ բոլորն էլ զարդարված են, երբ վերադառնում է, զարմացած պատմում է հայրենակիցներին.
– Պաա՛, պա՛, պա՛, ձեզ մատաղ, քաղկցիք չիմ էլ նոր են հրսանիք էլել։
Լոռըցի տիրացուին պարտամուրհակ (թամասուկ) տվին կարդալու և նա այսպես ասեց.
– «Սիրելի հայր իմ, շատ սիրով»․․․