Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/682

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է իրեն։ Կռանում է թե չէ՝ երեխեն գրկիցը[1] վեր է ընկնում, ընկնում ջրհորի մեջը։ Ջրհորի շուրջը պատվում է[2] ու լաց է լինում, թե ինչպես անի, որ երեխին հանի ջրհորից։

Մոտ է գալի մի ծերունի ու հարցնում է,

— Ի՞նչ ես լաց լինում, այ որդի։

— Ինչպե՛ս չլամ, կռացա, թե ջրհորից չուր խմեմ, երեխես ընկավ մեջը։

— Արի[3] կռացի, հանի։

— Չէ, պապի, չեմ կարող, ես ձեռներ չունեմ, մենակ արմունկներս[4] են մնացել (կոներ—локотн)։

— Քեզ ասում եմ՝ արի կռացի, հանի։

Մոտ է գնում, կռանում, կոները[5] մեկնում, աստված խեղճ է գալի, էստեղ ձեռները բացվում են։ Կռանում է, երեխին հանում է ու աստծուն փառք է տալի։

էստեղից գնում է, գնում, գնում է, ընկնում էն քարվանսարեն, որտեղ իր մարդն ու ախպերը առուտուր են անում, ու խնդրում է, որ իրեն գիշերը քնելու տեղ տան։ Մարդն ասում է.

— Ախպեր, արի ներս թողնենք էս աղքատին։ Սրանք լավ հեքիաթներ ու առակներ են իմանում, լավ էլ պատմում են։

Հարսը էն կողմից վերցնում է, թե.

— Գիշերը քնելու տեղ չունենք, մեզ համար էլ նեղ է։

— Չէ, ախպեր, եկ ներս թողնենք, շատ եմ սիրում, երբ էս թափառական աղքատները հեքիաթ ու առակ են պատմում։

Ու ներս են թողնում։

Մուրացկանը[6] իր երեխի հետ վառարանի կողքին կուչ է գալի։ Մարդն ասում է.

— Հապա դե, ա քիրա, հեքիաթից լինի, պատմությունից լինի, մի բան[7] պատմի։

— Ես ոչ հեքիաթ գիտեմ, ոչ առակ, ես պատահած[8] պատմություններ գիտեմ պատմել։ Ականջ արեք, տեսեք՝ ճշմարի՞տ է[9], թե՞ չէ։

Ու սկսում է պատմել։

— Մեզնից հեռու մի աշխարհքում մի հարուստ վաճառական է լինում, մի աղջիկ ու մի տղա է ունենում։ Հերն ու մերը մեռնում են։ Ախպերը քրոջն ասում է.

— Արի, քուրիկ, գնանք էս երկրից։

Ու գնում են ուրիշ երկիր։ Ախպերն իր համար մի գործ է գտնում, առուտուրականի խանութ է բանում։ Մի օր էլ միտք է անում, որ պսակվի, պսակվում է ու կին է բերում, մի կախարդ—վհուկ․․․

Էստեղ հարսը փնթփնթում Է.

  1. [ձեռիցը]։
  2. [Ման է գալի]։
  3. [Գնա]։
  4. [կոն<երս>]։
  5. [ձեռները]։
  6. [Աղքատը]։
  7. [պատմություն]
  8. [ճշգրիտ]։
  9. [պատահած]։