անուններ, իսկ ողբերգական ավարտից հետո կտուրին հավաքված մարդիկ հիշում են, թե քանի՜-քանիսն են զոհվել այդ նույն ճանապարհով, իհարկե, միայն կոմպոզիցիոն շրջանակի համար չէ: Դա ցույց է տալիս նկարագրված իրադրության տարածվածությունը, և Թումանյանի պատմվածքն էլ ոչ թե նրանցից մեկն ու մեկի ակնարկային նկարագրությունն է, այլ տիպական երևույթի բացահայտումը՝ գեղարվեստական արտացոլման սկզբունքներով։ Նույն ուղիներով են ստեղծվել նաև մյուս պատմվածքները, որոնց ծագման և ամբողջացման ընթացքի մասին Մարգար Ավետիսյանը պատմել է.
«Թումանյանը չէր պատմում ընդհանրացած, շաբլոն անեկդոտներ՝ ուրիշից լսած կամ գրքերից վերցրած։ Նրա անեկդոտի նյութը կյանքն էր՝ իր և իրեն շրջապատող մարդկանց կյանքը, որտեղից վերցնելով, նա ինքը հորինում ու պատմում էր, կամ պատահած դեպքերը «գեղարվեստորեն մշակելով», պատմում էր իրեն հատուկ ճաշակով։ Այստեղ ևս նույնն էր կատարվում, ինչ որ ժողովրդական բանահյուսությունը մշակելիս։ Միայն այստեղ նա բանավոր խոսքի բանաստեղծ էր։ Մի քանի այդպիսի «դեպքեր» գեղարվեստական մշակում ստանալով հետագայում գրի առնվեցին («Քեռի Խեչանը», «Գաբո բիձու շերամապահությունը», «Նեսոյի քարաբաղնիսը» և այլն)։ Այդ բոլորը գրելուց դեռ շատ առաջ Թումանյանը պատմում էր բերանացի» (ԹԺՀ, 175)։
Այսպես, ներկայացնելով սովորական, «շարքային» դեպքեր, Թումանյանն ասեք տալիս է երևույթի «միջին թվաբանականը», որը դժվար է կապել որևէ իրական եղելության հետ։ Այդ է պատճառը, որ ո՛չ հուշագիրների մոտ և ո՛չ էլ բանաստեղծի գրառումներում գրեթե չկան վկայություններ պատմվածքների իրական նախատիպերի մասին։ Համեմատության համար հիշենք, որ հայ գյուղաշխարհի մյուս մեծ կենդանագրողի՝ Ակսել Բակունցի շատ պատմվածքների մասին կան փաստեր և վկայություններ, թե ի՛նչ իրական դեպքեր են դրված եղել նրանց հիմքում, ովքե՛ր են եղել հերոսների նախատիպերը (որոնք, իհարկե, ենթարկվել են ստեղծագործական բազմաթիվ «շտկումների»)։ Մենք գործ ունենք գեղարվեստական ճշմարտության հասնելու տարբեր ուղիների հետ։ Բակունցը որևէ ցայտուն կենսական եղելությունից է գնում դեպի կյանքի տիպական բովանդակության բացահայտում, այնինչ Թումանյանը կերտում է մի այնպիսի գեղարվեստական փաստ, որը չի կարելի ուղղակիորեն կապել համանման շատ Փաստերից մեկն ու մեկի հետ։
Ասվածը կարելի է հաստատել նույնիսկ «Գիքորի» օրինակով, թեև նրա կենսական հիմքերի մասին մեզ որոշ տվյալներ հասել են։ Բանաստեղծի դուստրը 1912 թ. գրի է առել Թումանյանի հետևյալ վկայությունը.
«Գիքորը» շատ վաղ եմ գրել՝ 1895 թվականին և կարդացել եմ Շիրվանզադեին, բայց չի տպվել։ Սրտառուչ բան է, իրական դեպք է. մեր ազգականներից մեկի երեխային, Ստեփան անունով, Դսեղից բերել են Թիֆլիս դերձակի աշակերտ տվել։ Ծանր հիվանդացավ։ Ծնողները