Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/745

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղից եկան Թիֆլիս, երեխային տարան Դսեղ, էնտեղ էլ թոքախտից վախճանվեց։

Գիքորը հայրիկի հորեղբոր Մամի փոքր տղան էր: Թիֆլիսում հայրիկը գնաց հիվանդանոց երեխային տեսնելու։ Վրան շատ էր ազդել, մի շաբաթ ոչ կարգին քնում էր, ոչ հաց ուտում» (Ն. Թումանյան, 102)։

Նախ, եթե այս տողերը համեմատենք պատմվածքի հետ, դժվար չի լինի նկատել բազմաթիվ և էական տարբերություններ։ Եվ ապա՝ թվում է, որ հուշերում առկա է ոչ թն մեկ, այլ երկու երեխայի պատմություն (մեկը՝ «մեր ազգականներից մեկի երեխան», մյուսը՝ «հայրիկի հորեղբայր Մամի փոքր տղան»), որոնք զրույցը գրի առնողը հստակորեն չի տարբերակել։ Վերջապես, կան նաև ժամանակակիցների ուրիշ վարկածներ «Գիքորի» նախատիպերի մասին (տե՛ս, օրինակ, ԳԹ, 1989, № 9)։ Ըստ երևույթին, պետք չէ պատմվածքն ուղղակիորեն կապել այդ դեպքերից որևէ մեկի հետ, որովհետև հեղինակի համար կարևորը եղել է ոչ թե որևէ փաստի, եղելության ճշգրիտ նկարագրությունը, այլ կյանքի գեղարվեստական ճշմարտությունը։ Հենց դա է, որ ընթերցողին ստիպում է սրտի թրթիռով և հոգու տառապանքով հետևել պատանի հերոսի ճակատագրին։ Այդ մասին, ինչպես տեսանք, գրել է դեռ պատմվածքի առաջին գրախոս Ավ. Իսահակյանը։ Իսկ տարիներ անց պատմվածքի սոցիալական մեծ ճշմարտության, հայ գրականության մեջ նրա գրաված բացառիկ տեղի մասին Ալ. Մյասնիկյանը ասում էր. «Գիքորը» հայկական սոցիալական, աշխատավորական ու նույնիսկ բանվորական (ի բաց առյալ Չարենցի հեղափոխական կերտվածները) բոլոր գրվածքներից ամենաուժեղը, ամենաբովանդակալիցը և ամենաշնորհալին է։ «Գիքորը» շատ նշանակալից և անպայման խոշոր գործ է» (Ալ. Մարտունի (Մյասնիկյան), Հովհաննես Թումանյանի ստեղծագործության սոցիալական արժեքը, Թիֆլիս, 1922, էջ 34)։

Պատմվածքների կապակցությամբ ևս ծագում է մի խնդիր, որը երկար ժամանակ թումանյանագիտության ամենաբարդ և վիճելի հարցերից մեկն է եղել. ինչպե՞ս է վերաբերվում հեղինակը նահապետական աշխարհին և նրա մարդկանց, դրվատու՞մ է, թե՞ քննադատում։ 1910 թ. տպագրած երկու պատմվածքի («Քեռի Խեչանը» և «Նեսոյի քարաբաղնիսը») Թումանյանը տվել է «Մերոնք» ընդհանուր վերնագիրը։ Անշուշտ, նա ունեցել է նույն շարքի նաև ուրիշ գործեր գրելու մտադրություն, որը չի իրականացրել (հետմահու որոշ հրատարակությունների մեջ այդ խմբին է դասվել նաև ավելի վաղ՝ 1899 թ. տպագրված «Գաբո բիձու շերամապահությունը»)։ Սակայն որոշ իմաստով Թումանյանն իր շատ պատմվածքներ կարող էր վերնագրել այդպես՝ «Մերոնք», որովհետև գյուղաշխարհի մարդիկ նրան իրոք հարազատ ու սիրելի են, նրանց ցավն ու տառապանքը նաև հեղինակինն են: Սա ամենևին չի նշանակում, թե Թումանյանը դրվատում է այդ աշխարհում եղած ամեն ինչ: Ո՛չ, նա այնտեղ տեսնում է և՛ հետամնացություն, և՛ կործանիչ արատներ, և՛ ծիծաղելի կողմեր, տեսնում է հասարակական և բարոյական անարդար պատկերացումներ, նրանց