զոհերին։ Բայց նա քննադատում և մերժում է այդ ամենը բարեկամաբար ու ցավով, որովհետև, ինչպիսին էլ որ լինի այդ աշխարհը, նրա, այսինքն՝ ժողովրդի հետ է կապված Թումանյանի հասարակական և գեղագիտական իդեալը։ Այստեղ է նա տեսնում մարդկային այն բոլոր առաքինությունները, որոնք պետք է պահպանել, կատարելագործել և հանձնել ապագային։
Եթե պատմվածքներ Թումանյանը գրել է, իր խոսքով ասած, «պատահաբար», այսինքն՝ դիպվածի կամ անհրաժեշտության թելադրանքով, ապա ավելի նպատակադրված է եղել նրա աշխատանքը հեքիաթի ժանրում։ Այս դեպքում կարելի է խոսել հստակ տեսական սկզբունքների և նրանց հետևողական կիրառման մասին։
Ամենից առաջ, Թումանյանը հեքիաթի մեջ տեսնում էր ժողովրդի դարավոր իմաստության և կենսափորձի լավագույն խտացումը, որին դիմելով անհատ-հեղինակը կարող է ոչ միայն տոգորվել ժողովրդական ոգու այդ մեծ հարստությամբ, այլև գտնել իր ստեղծագործական անհատականության դրսևորման լայն ասպարեզ։ Այսպես, 1909 թ.՝ «Հայոց դրամբյանիզմի» դեմ մղած պայքարի ժամանակ, նա ասում էր. «Հեքիաթները գրական մարդիկ չեն հորինում, այլ առնում են ժողովրդականը ու պատմում։ Եվ շնորհքը հենց էդ պատմելու մեջն է, որ իմանան ի՛նչը փոխեն, ինչը դուրս գցեն, ինչը պահեն, ինչ լեզվով, ինչ ոճով ու ինչպես պատմեն, որ և գեղեցիկ դուրս գա և ժողովրդականի համն ու հոտը չկորցնի»։ (ԵԺIV, 96)։ Ավելի քան տաս տարի անց, մի զրույցի ժամանակ, Թումանյանն ընդգծում էր հեքիաթի բացառիկ կարևոր տեղը համաշխարհային մշակույթի համակարգում, ասելով. «Հեքիաթները անդունդներ են՝ խորը, անծայր, անվերջ․․․ հարուստ ու շքեղ աշխարհ է։ Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է. նույնիսկ հանճարները հեքիաթ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում։ Նոր գրողներից փորձեր անողներ կան. Օսկար Ուայլդը, Մետերլինկը և ուրիշներ» (Ն. Թումանյան, 225)։ Նույն մտքին նա վերադառնում է իր ամենավերջին նամակներից մեկում՝ 1922 թ. հուլիսին. «Դա գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է, ուր ամբողջը հավիտենական սիմվոլներ են։
Եվ այժմ գրականության մեջ սիմվոլիզմը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի հանդուգն ձգտումն հեքիաթին մոտենալու» (ԵԺV, 472)։
Իսկ ինչպե՞ս է օգտվել Թումանյանը ժողովրդական բանահյուսության զինարանից, ի՞նչ ուղիներով է կերտել հայ հեքիաթագրության անվիճելի գագաթը կազմող իր երկերը։ Հայտնի է, որ Թումանյանը կիրառել է բանահյուսական աղբյուրներից օգտվելու բազմազան եղանակներ՝ ժողովրդական լեզվամտածողության տարրերի լայն օգտագործում, փոխադրություն բարբառից գրական լեզվի, սեղմ ավանդության կամ անվան ստուգաբանության հիման վրա լիարժեք սյուժեի վերստեղծում և այլն։ Սակայն ամենից բարդը բանահյուսության օգտագործման այն եղանակն է, որ նա կիրառել է «Սասունցի Դավիթը», «Հազարան բըլբուլ» պոեմներում