և գրեթե բոլոր հեքիաթներում։ Այդ սկզբունքի էությունն այն է, որ բանահյուսական մի շարք տարբերակներից Թումանյանը փաստորեն վերստեղծում է մի նորը։ Այդ նոր, գեղարվեստական կատարելության հասցված տարբերակը ներառնում է այն լավագույնը, ինչ կա օգտագործված ժողովրդական պատումների մեջ, միաժամանակ պարունակում է հեղինակի մտցրած շատ նոր դրվագներ ու մանրամասներ։ Միշտ բացահայտվում և ընդգծվում է այն նվիրական գաղափարն ու իմաստը, որը, Թումանյանի ըմբռնմամբ, տվյալ բանահյուսական երկի հիմքն է կազմում։
Հեքիաթների վրա աշխատելիս Թումանյանը լայնորեն օգտվել է ոչ միայն հայկական տարբերակներից (գրի առնված կամ բանավոր), այլև մոտիկ ու հեռու ժողովուրդների ստեղծագործությունից (այս դեպքում հիմնական աղբյուրը եղել են ռուսերեն բանահյուսական-ազգագրական ժողովածուները)։ Այսպես, «Հազարան բըլբուլ» հեքիաթ-պոեմի համար շատ տարիների ընթացքում Թումանյանի հավաքած տարբերակների ցուցակը բաղկացած Է 58 անունից, որոնց թվում կան բազմաթիվ ազգերի բանահյուսական նյութեր, հեքիաթի գրական մշակումներ (տե՛ս ՈԻՀՅ, 308–310)։ Նույնիսկ «Ծիտը» փոքրիկ մանկական հեքիաթը գրելու համար Թումանյանը նկատի Է ունեցել հայերեն և ռուսերեն յոթ տարբերակ, իսկ թե ինչպիսի ոսկերչական նուրբ աշխատանք Է կատարվել ամեն մի մանրամասնի, բառի և արտահայտության վրա, նա պատմել Է 1909 թ. գրած «Ոչ-գրական ոչնչությունները քննադատ» հոդվածում (ԵժIV, 98–99)։ Դարձյալ Թումանյանի նշումներից իմանում ենք, որ «Չախչախ թագավորը» գրելու համար նա նկատի Է ունեցել հեքիաթի 14 տարբերակ, «Կռնատ աղջկա» համար՝ 11, «Եդեմական ծաղիկի» համար՝ 21, «Քաջ Նազարի»՝ 16, «Կիկոսի մահի»՝ 4 տարբերակ և այլն։ Սակայն նշված և ուրիշ հեքիաթներ գրելիս Թումանյանի տեսադաշտում երբեմն ավելի շատ տարբերակներ են եղել։ Այսպես, ըստ հեղինակի կազմած մի այլ ցուցակի, «Կռնատ աղջիկը» գրելիս նա ծանոթացել Է այդ հեքիաթի 33 տարբերակի (հեքիաթների աղբյուրների մանրամասն քննությունը տե՛ս Ա․ Մ. Վարդանյան, Հովհաննես Թումանյանի հեքիաթները. ստեղծագործական պատմության հարցեր, Երևան, 1986, Էջ 66–148)։
Եթե պատմվածքի ժանրում Թումանյանի գլուխգործոցը «Գիքորն» Է, ապա հեքիաթի մեջ այդ տեղը պատկանում Է «Քաջ Նազարին», որը, ինչպես ասվեց, հեղինակն Էլ առանձնացրել Է իր մյուս բանահյուսական երկերի շարքում։ Արդեն վկայակոչված նամակում նա ավելացնում Էր. «Իմ կարծիքով՝ ես միայն մի հեքիաթ եմ մշակել կարգին (գուցե չնչին պակասություններ ունենա, ով գիտի), և դա «Քաջ Նազարն Է» (ԵԺV, 472)։ Այստեղ ավելի, քան որևէ այլ հեքիաթում, Թումանյանը հասել է համամարդկային ընդհանրացման՝ ստեղծելով մի համապարփակ տիպ։ Դրանով է պայմանավորված այն, որ Թումանյանի հեքիաթը հայ գրականության մեջ սկիզբ դրեց մի ամբողջ «քաջնազարական» թեմայի, որը ժամանակի ընթացքում չի խամրում, այլ բացահայտվում է նորանոր կողմերով։ Կերպարի հետագա մարմնավորումները (որոնց շարքում բարձրանում է