Հայրի՛կ... ասա ինձ խնդրեմ,
Ինչպես եք այստեղ դուք կառավարվում,
Ունի՞ք կայք, կալված և հանգիստ կենցաղ,
Թե միշտ եք այդպես ստոր վիճակում։
Գլուխը շարժեց ծերունին տխուր.
— Ցավ է ինձ ասել, ասաց նա լալով.
Ահա անցանեն իմ կյանքի օրեր,
Բոլորն էլ սրտիս ցավ ու վիշտ տալով։
Տեսնում ես դու այդ սիրուն դաշտերը,
Որոնք գրավում են շատերի հոգին,
Չկարծես թե դրանց մենք ենք վայելում,
Այլ մեր ոսոխներն ու մեր թշնամին։
Իսկ մենք այս փոքրիկ տեղումը սխմված
Մնացել ենք անշարժ–տխուր վիճակում։
Արհեստ, գիր, լեզու, օրենք ասած բանըդ
Չգիտենք թե ինչ են նշանակում։
Թե կամիս բոլոր մեր պակասության
Եվ մեր նեղության դառն պատճառներն
Իմանալ, որդյակ, դժվարին է,
Վասն զի լուռ են մեր լեզուներն»։
Լռեց ծերունին, տխրության ամպը աչքերը պատեց։ Այդ «մեծ վիշտ պատճառեց» պատանուն ու գնաց նա դեպի մյուս գյուղերը.
Բոլոր փորձանքներն աչքիս տակն առած,
Ընկա մեծամեծ սարեր ու ձորեր։
Ինչե՜ր եմ տեսնում, ով կարե պատմել,
Հայ կանայք բոկոտն՝ սուր-սուր քարերում
Մանգալիս տեսա, սիրտս, հոգիս թնդաց.
Տեսնում եմ շատ բան, բայց լուռ անցկենում։
Այս թշվառ աշխարհից գալիս է պատանին իր խեղճ բնակարանն ու սկսում մտածել.
Թե ի՞նչ միջոցով կարող են արդյոք
Ազգասեր անձինք այն որբոցն օգնել։