մնացած այս հատվածի հետևյալ բացատրությունը, որ շատ հավանական է թվում մեզ։ Զարտախուր, խավարտ, տից և խավարծիլ հոտավետ ծաղիկների անուններ են։ Սորա հետ ի բարձիցն ևս սովորական բարձի նշանակությամբ առնելով, հատվածի իմաստն այս կլիներ․ «Սաթենիկ տիկինը փափագում էր հոտավետ ծաղիկներին և խոտերին Արգավանի բարձերից»։ Այս ի՞նչ է նշանակում։ Ոմանք հայեր մինչև այժմ ևս սովորություն կամ ավելի լավ ասեմ, հնար ունեն դյութելու․ այսինքն սիրելի անձի սերը ստանալ ցանկացող կինը (երբեմն և տղամարդը) ծածուկ, առանց նորա գիտության, դնում է նորա բարձի մեջ հոտավետ խոտեր և ծաղիկներ (կարծեմ առավելապես ռեհան)։ Քանի մի ժամանակ անցնելուց հետո, այն խոտերը գաղտագողի բերում են, դնում են սիրվել ցանկացող անձի բարձերի մեջ, որով իբր թե բերվում են նորա բարձի տերի սերն ևս»։ Գ. Խալաթյանն ասում է, թե Սաթենիկի մասին հատվածը ակնարկում է այս ժողովրդական սովորությունը, որի սկզբնավորությունն անկասկած հնագույն ժամանակներից է։ Այս կարծիքն առավել հավանական համարելով, մենք այսպես և թարգմանեցինք։
Ուրեմն կորածն արդեն գտնված է յուր տեղը․ ժողովուրդը տվել է յուր առասպելի բացատրությունը, որը սակայն միայն հավանական է թվում և այն էլ մի քանիսին։
Դեռ այս բացատրությունից հետո էլ շարունակում են զանազան մեկնություններ տալ ու պատրաստել։ Այնպես, որ դեռ կարիք կա ուժ տալու, արծարծելու հավանականը համոզական կացուցանելու համար։
Հայկազյան բառարանում կարդում ենք.
1) Արտախուր կամ արտախուրակ «զոր օրինակ բանջար վարսաւոր» (ապա և իբրև մոլորակ)5։
Լագարդը նմանեցնում է արտախուրը պարսկերեն zardechwar-ին, որ բժշկական հայտնի խոտի անուն է, նշանակում Վուլլերսի բառարանում (նույն ծանոթ.)։
Լոռեցիք մի բույս կոչում են «գաղտակուռ», ղարաբաղցիք նույն բույսը «տաղտըկուռ». սա բժշկական հայտնի բույս է, և հիշեցնում է արտախուրը։