Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անիծում է իր հանդիպումը.

«Վա՛յ էն օրին՝ ես քեզ տէհայ...» (95)


Եվ որովհետև «սէրն է որ սեր կու բերէ»

«Օվ որ ինձ չի սիրի, իս էլ չիմ սիրի» (130)


Անպատասխան, մերժված սերը դադարում, մարում է ժամանակի ընթացքում, սիրտն էլ, ասես, մեռնում է սիրո հետ ու երգում է իր հրաժեշտի երգը.

«Նա» չկա այլևս։ Եվ երբ որ «դուն չըկաս...».

«Առանց քիզ ի՞նչ կօնիմ սոյբաթն ու սազըն,
Ձեռնեմէս վէր կօծիմ չանգիրըն մէմէկ.
Չունքի ուշք ու միտքըս իրար շաղեցիր,
Փահմէս կու հեռացնիմ հանգիրըն մէմէկ։
Առանց քիզ ի՞նչ կօնիմ աշխարհքիս մալըն...
Կուհագնիմ մազեղէն, կուհագնիմ շալըն,
Կերթամ ու ման գուքամ վանքիրըն մէմէկ...» (64)


Վերջապես բեզարել է.

«Աշխարըս՝ մե փանջարա է, թաղերումէն բեզարիլ իմ.

Մըտիկ տըւողն կուխուցւի, դաղերումէն բեզարիլ իմ.

Էրէգ լավ էր քանց վուր էսօր, վաղերումէն բեզարիլ իմ.

Մարթ համաշա մէկ չի ըլի, խաղերումէն բեզարիլ իմ…

Գուզիմ թըռչի բըլբուլի պէս, բաղերումէն բեզարիլ իմ…»

(136)

Եվ էս ամենից վերջը ահա Լոռու ձորերում, Հաղպատա վանքի քարերի մեջ, անապատականի սևերում, մազեղեն ու շալեղեն հագած, աշխարհքից ու նրա ուրախություններից, բեմուրվաթ յարից ու նրա նազերից բեզարած, հեռացած Սայաթ-Նովան, մեր հոյակապ, մեր արքայական Սայաթ-Նովան, Դավիթ կրոնավորի անունով։


Իմ խոսքերով պատմելու փոխարեն ես գերադասեցի հենց իրենց խոսքերով, իրենց ոճով ու շնչով, իրենց հանգով