Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու երանգով իրար կողքի դնել մեր հին բանաստեղծներից երեքի սերը։ Հարկավ, նրանք շատ են խորթ ու անծանոթ մեր ընթերցող հասարակության մեծամասնությանը, և էս տեսակ մի թռուցիկ, թեթև հոդված էլ, որ իմ հոդվածն է, անկարող է ծանոթացնել նրանց հետ, և արդեն էսպես նպատակ էլ չունի, բայց ամեն տեսակետից՝ թե՛ գրականպատմական, թե՛ լեզվական, էնքան են հետաքրքրական, որ ամեն ինտելիգենտ հայ պետք է ծանոթանա նրանց հետ։ Երբ ծանոթանա, կսիրի։

Եվ ամեն մի ժողովուրդ պետք է սիրի ու պարծենա Քուչակ Նահապետի ու Սայաթ-Նովայի նման բանաստեղծներով։ Բայց մեր խոսքը Նաղաշ Հովնաթանի վրա է։ Ետ գանք նրան։

Քուչակ Նահապետն ու Սայաթ-Նովան ունեն իրենց տաղանդի և ուժի գիտակցությունը։ Եթե երգում են իրենց սերն ու սիրուհին, երգում են ամբողջ աշխարհքի առաջ. եթե դիմում են իրենց յարին՝ պատմելու նրա սերն ու գեղեցկությունը, խոսում են լուրջ ու հանդիսավոր, ժամանակներին ու ժողովուրդներին ի լուր։ Խորը գիտեն, որ իրենք հասարակ մահկանացու չեն։

«Էրազումըն տեսածի հիդ միզի մէ հէսաբ մի՛ անի...» (66)

Ասում է Սայաթ-Նովան իր յարին.

«Ամեն մարթ չի կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրէն է․

Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրէն է․

Բունիաթըս աւազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրէն է…»

(Սայաթ-Նովա, 66)

«Ես ան հաւերուն էի, որ գետինն ի կուտ չուտէի...» հայտարարում է Քուչակ Նահապետը։

Սրանց նման չի Նաղաշ Հովնթանը: Նա չունի սրանց ուժը, դրա հետ և չունի սրանց հանդգնությունը: Իր բանաստեղծությունները հաճախ մասնավոր սիրային նամակագրության բնավորություն ունեն, և եթե երգում է, նպատակն էն չի, որ ձենը հասնի հեռու դարերին, այլ իր «այվանեն» մինչև սիրածի վարդափթիթ պարտեզ: Դրանից է,