Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Էսպես են ասում «Մշակի» խմբագիրները, էն մարդիկ, որ հաստատ գիտեն՝ կանոնադրություն կա մեջտեղը և կանոնադրության § 4 ասում է․ «Ընկերության անդամների թիվը սահմանափակված չի և սեռի մեջ խտրություն չի դրվում. անդամներն ընտրվում են ընդհանուր ժողովում գաղտնի քվեարկությամբ»։

Բայց նրանք, «Մշակի» խմբագիրները, էն էլ գիտեն, որ Թիֆլիսում կա Ժուռնալիստների ընկերություն։ Գիտեն, որ իրենք անդամ են էդ ընկերությանը։ Գիտեն, որ էդ ընկերության մեջ էլ անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ։ Գիտեն, որ նույնիսկ իրենք են մասնակցել էդ ընկերության կանոնադրության կազմելուն, որ ասում է՝ անդամներին պետք է ընտրել գաղտնի քվեարկությամբ։ Գիտեն, որ էդ միևնույն կարգն է տիրում և Մոսկվայի ռուսաց գրական ընկերության մեջ։ Էդ ամենը գիտեն, և լավ գիտեն, և լավ գիտեն ու գտնում են շատ էլ կանոնավոր։ Բայց… հենց որ խնդիրը փոխադրվեց հայկական հողի վրա ու մեջտեղ եկան հայ գրողները, էդ միևնույն մարդիկ միևնույն կարգը անվանում են կուսակցականություն, ետին մտքով ու չար դիտավորությունով սարքած դավադրություն ու ամեն կերպ ճգնում ու տքնում են գործը տակն ու վրա անել։ Եվ խուլ մնալով հայոց հաստատությունների ու հայ անհատների շնորհավորություններին, ուրախությանն ու նվիրաբերություններին, էդ մասին տեղեկություն չտալով իրենց ընթերցողներին, այլև մերժելով ընկերության պաշտոնական շնորհակալությունների տպագրությունը, հրճվանքով արտատպում ու ձայնակցում են, թե Բաքվի «Каспий»-ն ասում՛ է՝ Հայոց գրական ընկերությունը պետք է կործանվի…

Արդյոք ինչո՞վ բացատրել էս հրեշավոր երևույթը, էս զարմանալի ու զարհուրելի վարմունքը։

«Մշակի» խմբագիրներն ասում են, թե իրենք չեն մասնակցում Հայոց գրական ընկերությանը նաև էն պատճառով, որովհետև նրա մեջ ընտրվել ու ընդունվել են և ո՛չ գրական մարդիկ։ Նույն առարկությունն է անում և Շիրվանզադեն՝ «Баку» թերթի մեջ։