Շատ լավ։ Էս առարկության արժեքը տեսնենք։
Թե՛ «Մշակի» խմբագրությունը, թե՛ Շիրվանզադեն չէին եկել հենց ընկերության բացումին, հենց առաջին ընդհանուր ժողովին։
Չէ՞ որ էն ժամանակ դեռ հայտնի էլ չէր, թե ինչ մարդիկ էին ընտրվելու, ուրեմն ո՞նց էին կարող նրանք էսպես մտածել և ինչպես են առաջ բերում էս առարկությունը։
Ինչ վերաբերում է հիմնադիրներին, նրանց անունները հայտնի էին Շիրվանզադեին դեռ կանոնադրության ստորագրության օրից, երբ իր անունը գրել է բժ. Զարգարյանի, բժ. Մինասյանի անունների շարքում, և դեռ նրանց մեջ էլ ամենավերջին տեղը։
Ի՞նչպես պատահեց, միայն նոր միտն ընկավ, որ նրանք գրականության (այլև գիտության ու հրապարակախոսության) հետ ոչ մի կապ չունեն։
Սակայն դեռ մնում է ամենից էականը։ Թե՛ «Մշակը», թե՛ Շիրվանզադեն գիտեն, որ կանոնադրության հենց § 1-վ Հայոց գրական ընկերությանը կարող են անդամագրվել բոլոր էն մարդիկ, որոնք հայոց մեջ աշխատում են գրականության, գիտության և մամուլի ասպարեզում, լինեն նրանք տաղանդավոր գրողներ, թե պարզ գրչի մշակներ, մեծ գիտնականներ, թե գիտությունը ժողովրդականացնող մահկանացուներ, նշանավոր հրապարակախոսներ, թե թերթերի համեստ աշխատակիցներ։
Արդ, հարց եմ տալիս. նրանք կարո՞ղ են ասել, թե ընդունվածների ցանկում կան մարդիկ, որոնք կանոնադրության տեսակետից չպիտի լինեին։ Իսկ թե բանը կբերեն անհատական գնահատության, համեցե՛ք, էնպես կրճատեմ ձեր գրողների թիվն էլ, հրապարակախոսներին էլ, որ երկու ձեռքիս մատներն էլ շատ գան հաշվելու համար։ Բայց կա հասարակական տեսակետ, կա կանոնադրություն, որ ավելի լայն է բաց անում ընկերության դռները, նշանավորների հետ ներս է հրավիրում և մեր մտավոր կյանքի համեստ աշխատավորներին, միասին հավաքվելու, միասին հոգալու գրականության ու գրողի հոգսը։ Ասացեք, աստծու սիրո համար, ի՞նչ կա էստեղ սարսափելի ու դատապարտելի։