Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մշակի» թղթակից Ռ. Դրամբյանին տված պատասխանիս համար զանազան կարծիքներ հայտնեցին ինձ թե՛ բանավոր և թե՛ գրավոր, նամակներով ու մամուլի մեջ։ Ոմանք էն կարծիքին են, որ չարժեր պատասխանել [մի որևէ համբակի], ոմանք ասում են, կարելի էր պատասխանել, բայց առանց կոշտ դարձվածքների ու զայրույթի, իսկ ուրիշները հավանում են, գտնում են և՛ տեղին, և՛ արդար։

Ես որովհետև հայ գրող եմ, էս տեսակ դեպքի համար կբերեմ օտար գրողի կարծիք, որ հարգելի լինի հայ մարդու համար։ Պուշկինն ասում է. «Կրիտիկային կարելի է չպատասխանել, երբ զուտ գրական է հարձակումն... Բայց չի կարելի ծուլությունից կամ բարեսրտությունից անպատասխան թողնել անձնական վիրավորանքն ու ամբաստանությունը, որ այժմ, դժբախտաբար, սովորական է դարձած»։ (Пушкин, критичес <кие> заметки):

Հիրավի, ես չեմ պատասխանել և այժմ էլ չէի պատասխանի, եթե ոչինչ համարեին իմ էս կամ էն գրվածքը, կամ թեկուզ ամբողջովին մերժեին իմ գրական կոչումն ու արժանիքը։ Բայց հայոց [գրականության համար ստացած խելոքները] Դրամբյանները էսքանով էլ չգիտեն բավականանալ և գնում են էնքան հեռու, ուր այլևս հատնում է [և] մարդկային համբերությունը և [աստվածային] ու սրտիդ մեջ թնդում է սրբազան [պատվիրանով] պատվիրանը. «...տուր նմա պատասխանի ըստ անզգամութեան նորա, զի՛ մի իմաստնագոյն երևեսցի յանձն խր»։

Եվ ես պատասխանեցի, ինչպես պետք էր պատասխանիլ նրան։

Բայց դեռ մարդիկ կան, որ [ինձ] հարցնում են, թե ինչու էր իմ պատասխանը զայրույթով լիքն ու կոշտ։ [Չեն հասկացել] [ինչ խոսք, որ] Այժմ տեղն է եկել, ավելի կպարզեմ և ամենքն էլ կտեսնեն, որ իմ զայրույթի պատճառը շատ ավելի խորն է ու լուրջ, քան թե կարծում են առհասարակ։ Կտեսնեն, որ դրա պատճառը ոչ թե մի որևէ խեղճ ու կրակ Դրամբյան է [և նրա արածը,] որ էսօր մեջ է ընկել «դիպվածով», [այլ] ոչ թե նրա արածն է—