Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ով զարմանալի ‹1 անընթ.› Դրամբյան։

Եվ հիրավի, ինչպես մեծ ու երջանիկ էր նա մի քանի օր Թիֆլիսի բիրժայում, էնտեղ ուր հավաքվում են [Թիֆլիսի հայոց ուսուցիչներն] Թիֆլիսի հայոց կառքերն ու [գավառական] ուսուցիչները։

Եվ ճշմարիտ, երանի թե էդքան չար ու թունոտ լինելով հանդերձ, մի քիչ էլ մեծ լիներ։ Չէ որ ասված է՝ մարդու հոգեառն էլ պետք է մեծ լինի։ Թե չէ կատարյալ պատիժ է, երբ գործ ունեք մի ոչնչության հետ, որին չգիտեք մինչև անգամ պատասխան տանք թե չէ, և որի հետ միմիայն խոսելու համար կարող են քեզ մեղադրել։

Բայց ինչ ուզում է լինի, պետք է պատասխանենք, հայ ուսուցիչն է, հայ հառաջադիմական թերթի քննադատն է, հայ ինտելիգենտն է.

- Ինչ եք ուզում, ով կրիտիկոս Դրամբյան։

Ասում է՝ եկել եմ ասելու իմ վերջին խոսքը։

Զարմանք։ Սա դեռ լավ չի հասկացել ո՛չ իրեն, ո՛չ ինձ:

Պ. Դրամբյան, իմ անցյալ հոդվածում, ուր ոչ մի հայհոյական բառ չկա որովհետև ամեն բան ունի իր լուրջ՝ տեղն ու իմաստը, ես ձեզ անվանել Էի ի միջի այլոց, անմահ Դրամբյան, անվերջ Դրամբյան։ Իսկ դուք եկել եք վերջին խոսք ասելո՞ւ։ Ոչ դուք վե՛րջ ունեք, ոչ վերջին խոսք։ Անվերջ կլինեք դուք, անվերջ կլինի ձեր մաղձոտ խուլ աղաղակը «փառք են վաստակում... գումարներ են դիզում...» անվերջ կլինեն ձեր անկարող հարվածները ձեր «կծու խայթիչ լեզվով» հարձակումները միշտ նոր գրական մեծություններ թունավորելու [էն էլ միշտ գրականության սիրո անունով երդվելով, մեռած գրողների անունով, սուտ լաց լինելով… և անվերջ կլինի] էլ նրանց և անվերջ զայրույթի շանթերը ձեր բութ ու մութ ճակատների դեմ։

Հին կռիվ: Շատ շատերի համար անհասկանալի ու պատահական։

Բայց ինչ եք ուզում էսօր ինձանից, ով Դրամբյան։ Առաջ թե ինչ էր ուզում էլի հասկանում էի, բայց այժմ ինչ է ուզում— եկեք ու հասկացեք։