Էս է պարզը։ Եվ էսպես են հասկացել էն ազգերը, որոնք կարճ ժամանակում մեծ հառաջադիմություն են արել, և սրա մեջն է նրանց արագ, գրեթե հանկարծակի ուժեղանալու գաղտնիքը։
Սկսենք ուսուցչից։
Ամերիկան, որ մի հարյուր հազար զինվոր ունի, չորս հարյուր քսան հազար ուսուցիչ է պահում։ Եվ ի՞նչպես է պահում ուսուցչին։ Սակավաթիվ աշակերտներով, դասը տևում է 20-25 րոպե, իսկ ռոճիկն ու ապրուստը…
Բայց Ամերիկայում բանվորը, հանգ<ուցյալ> Իոլլոսի տված հաշվով, ստանում է 8-28 ռուբլի օրավարձ և ունի 4-7 սենյակ բնակարան։ Առավոտյան նախաճաշին ստանում է ամերիկական խրփուկի ապուր, կաթը, երկու տեսակ տաք մսեղեն, կարտոֆիլ, կարագով հաց և թեյ կամ սուրճ։ Ճաշին սուպ, երեք տեսակ մսեղեն, բուսեղեն, քաղցր կարկանդակներ և թեյ կամ սուրճ։ Ընթրիքին անուշով թեյ, հաց, կարագ և պաղ միս։
Մենք, որ սրան դժար կհավատանք, ենթադրենք թե սրա նման մի բան է։ Իհարկե, էս տեսակ երկրում խոսք էլ չի կարող լինել ուսուցչի դրության մասին։ Մի երկրում, ուր ուսումնարանը ամենասիրված տունն է, և ուսուցչությունը էնքան հարգի, որ շատ մարդիկ իրենց ուսումն ավարտելուց հետո, ինչ գործի էլ որ մտնեն, սիրում են ամենից առաջ ուսուցչություն անել, թե՛ ժողովրդին ծանոթանալու համար, և թե՛ հայրենիքին ծառայելու, և թե՛ հաճույքի համար վերջապես։ Մի երկիր, ուր միայն մի Կարնեջի երեք տարվա ընթացքում (1899-1901) միայն գրադարանների համար նվիրել է 50 միլիոն ռուբլի։
Գերմանական ժողովրդական դպրոցի ուսուցիչը ստանում է տարեկան 900 ռուբլի և տարեցտարի բարձրանում է մինչև 1620 ռուբլին, իսկ այժմ, գրում են տեղյակները, ուզում են սկսել 1200-ից ու տանել մինչև 2200։
Եվ իրենք գերմանացիք ասում են. «Սա դեռ սկիզբն է»։ Բայց էս գերմանացիք մի ուրիշ բան էլ են ասում։ Ասում են՝