Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր ժողովրդական ուսուցիչներով էր, որ մենք հաղթեցինք հպարտ Ֆրանսիային։

Յապոնիայում, հիրավի, բարձր չի ուսուցչի ռոճիկը, բայց նա 15 տարի ծառայելուց հետո ստանում է կենսաթոշակ, որ իր մահից հետո ստանում է ընտանիքը։ Եվ ազգի հերթական մեձ խնդիրներից մինն է՝ բարձրացնել ուսուցչի ռոճիկը։

Եվ, անշուշտ, կբարձրացնի էն երկիրը, որի պետական հայտարարած որոշումն է՝ ոչ մի գյուղ չպէտք է ունենա անգրագետ ընտանիք, և ոչ մի ընտանիք չպետք է ունենա անգրագետ անդամ։

Եվ իրագործել է արդեն իր որոշումը։

Ռուսաստանը, որ լուսավորության գործում եվրոպական երկիրների մեջ ամենահետամնացն է, տարբեր տեղեր տարբեր ռոճիկներ է տալիս ժողովրդական ուսուցչին՝ 220—360 ռուբլի։

1909 թվին, Պետերբուրգում կայացած քաղաքային ուսումնարանների ուսուցիչների համաժողովում, քննության առնելով ուսուցիչների ռոճկի հարցը, գտան ուսուցչի դրությունը անտանելի։ Որոշեցին, որ անհրաժեշտ է քաղաքային դպրոցների ամուրի ուսուցչին տալ 970 ռուբլի, թեթև ընտանիք ունեցողին 1315 ռուբլի, և ամեն մի լրացուցիչ աշխատանք վարձատրել առանձին։ Թե չէ, ասացին, լուրջ վտանգ է սպառնում ժողովրդական լուսավորության գործին։ 1890 թվականից նահանգական զեմստվոները արել են հնգամյակների կարգադրությունը, իսկ 1900-ից լուսավորության նախարարությանը կից փոխադարձ օգնության դրամարկղ է հիմնված, որի գումարն այժմ հասնում է 7-8 միլիոն ռուբլու։

Բայց սա ետամնաց երկիր է։

Ես մի քանի խոսքով օրինակի համար առա մի երեք չորս ժողովուրդ։ Սրանցից հետո անցնենք մեզ։

Հիմի ասողներ կլինեն, թե մենք ուր, էն մեծ ժողովուրդներն ուր. ի՞նչպես կարելի է համեմատել։ Մենք մի փոքրիկ ժողովուրդ ենք։

7-145