Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու գրականության սկիզբը։ Նրանից հետո մենք ունեցանք սեփական ազգային դպրոց ու գրականություն, որ խաղաղ օրերում ոսկեդար է ստեղծել մեզ համար, իսկ դժբախտության օրերում ճանապարհ է ցույց տվել մեր ազգին դեպի լավագույն ապագան, էն լուսեղեն սյունի նման, որ երբեմն՝ Իսրայելի ժողովրդին ճանապարհ էր ցույց տալի օձերով լիքը անապատներում դեպի Ավետյաց երկիրը։

Նույն ճանապարհն է ամեն մի ժողովրդի առաջ, նույն օրենքն ու նույն ուժերը։

Թող մեր 1500-ամյակի մեծ հոբելյանն էլ լինի մեր ազգային վերածնության սկզբի տոնը, թող սա լինի մի համազգային փողհարություն ի լուր աշխարհի, թե ապրում է հայ ժողովուրդը, և մենք էլ էս տարվան՝ ոչ թե ամբողջ բերքն ու աշխատանքը, գոնե նրա փոքրիկ մասը միամիտ սրտով նվիրենք Սահակին ու Մեսրոպին մեզ մոտ ուղարկող աստծուն, այսինքն նրան հաճելի գործերին՝ հայոց դպրոցին ու հայոց գրականությանը։

Փույթ չի, թե փոքր կլինի մեզանից շատ շատերի տվածը։ Մեր ժողովուրդը մի շատ իմաստուն առած ունի, որ ասում է. «շատը ուժից, քիչը սրտից»։ Քիչը տալով ամեն մարդ իր սիրտը բերած կլինի մեջտեղ, և միայն սրտով է, որ գեղեցիկ ու մեծ գործեր են կատարվում։


ՄԵԾ ՏՈՆԸ ԵՎ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆ ՈՒ ԳՐՈՂԸ

<Į>

Մեծ տոնի առիթով հրապարակի վրա դրված է մեր դպրոցներն ու գրականությունն առանձին-առանձին ֆոնդերով ուժեղացնելու խնդիրը։

Սակայն էս դեպքում ի՞նչ կնշանակի դպրոց ու գրականություն։ Դպրոց՝ կնշանակի ուսուցիչ, գրականություն՝ կնշանակի գրող։ Եվ ուժեղ դպրոց ու գրականություն ունենալ, կնշանակի ուժեղ ուսուցիչ ու գրող ունենալ։