Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մատաղ ինտելիգենցիայի խոսքը, անհամեմատ ավելի անկաշառ, անկեղծ, մաքուր, լուրջ ու լուսավոր։

Եվ երանի նրանց, նրանք Հ. Առաքելյան չեն տեսնիլ։


<ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ>

Վերջին տարիներս մեզանում հաճախ է խոսք լինում, թե մենք մեզ չենք ճանաչում և աշխատում ենք մեզ ճանաչել։ Մեզ ճանաչելու համար հետզհետե մեր շուրջը դիտելով ու մեր ներկան քննելով հանդերձ ուզում ենք թափանցել մեր անցյալը, ուսումնասիրել մեր հին կյանքն ու պատմությունը։

Վաղուց ասված է, թե անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար։

Մենք, որ մեծ անցյալի ու մեծ ավերակների վրա ապրող մի ժողովուրդ ենք, և ինքներս արդեն ըստ ամենայնի ավերակ ժողովուրդ, նոր ենք ջանքեր անում մեր խորտակված կյանքը վերականգնելու, վերանորոգելու և վերակազմելու, անցյալի ուսումնասիրությունը մեզ համար ունի առանձին կարևորություն, և մեր մեծ արժեքներն ու պարծանքներն էլ անցյալի մեջ են։ Անցյալի մեջն են և մեր արվեստները։ Գեղեցիկ արվեստները ֆիզիկական ու բարոյական առանձնահատուկ պայմանների մեջ ծնվելով ու զարգանալով՝ հատկանշում են ամեն մի ժողովրդի ինքնուրույն ազգային ոգին։

Գեղեցիկ արվեստների մեջ առանձին կարևորություն է ունեցել միշտ ճարտարապետությունը, որ կոչված է «քարացած երաժշտություն» և, մի անգամ ընդմիշտ քարացած կանգնած, չի աղավաղվում ժամանակի հետ։

Սրանից տասնյակ տարիներ առաջ մենք չէինք համարձակվի մտածելու, թե ունեցել ենք առանձին հայկական ճարտարապետություն, բայց էսօր, շնորհիվ գիտնականների ուսումնասիրության, ոչ թե լուրջ խոսք է լինում հայոց ճարտարապետության