Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անձնավորություն է, շատ ընկերներով, ազատության գաղափարն ընդհանուր ու շարժումը համազգային։

Եվ էսպես, էս երրորդ պատերազմը ավանդական խորհրդավոր երրորդ զարկն է։ Երրորդ զարկն է վճռում խնդիրը։ Երրորդ զարկով հյուսիսի հսկան՝ մեծ Ռուսաստանը, վճռում է հայ ազգի հին, արյունոտ խնդիրը, ապահովում է նրա ապագան ու առաջնորդում նրան դեպի ազատ ազգերի եղբայրությունը։


ՀԻՆ ԽՈՍՔԸ

1225 թվականին մոնղոլներից փախած թուրքերը Խորասանից մտան Հայաստան։ Նրանց առաջնորդի որդի Էրթողրուլը ծառայության մտավ սելջուկների Ալայեդդին սուլթանի մոտ, նրանից մի կտոր հող ստացավ նվեր, իր մի քանի հարյուր ընտանիք թուրքերով հաստատվեց էն հողի վրա ու սկսեց պարապել հարձակումներով՝ տկարացած բյուզանդական կայսրության փոքր-ասիական սահմանների վրա։ Նրա որդի Օսմանը ավելի ընդարձակեց հոր կալվածքը, սուլթանի կոչում ստացավ ու դրեց Օսմանյան կայսրության հիմքը։ Օսմանի որդի Ուրխանը կամ Օրհանն էլ նոր գրավումներ արավ, իր համար Բրուսայում ապարանք շինեց բարձր դռներով կամ դարպասներով, որովհետև արևելքում դուռն ու դարպասը որքան բադձր էին, էնքան էլ բարձր էր տիրոջ պատիվը, դրա համար էլ կոչվեց «Բարձր դուռ»։ Ալայեդդինի մահից հետո էլ սելջուկների գահին տիրելով և ավելի առաջ գնալով, 1330 թվականին թուրքերն անցան Եվրոպա, իսկ 1453 թվականին Մուհամմեդ II-ի առաջնորդությամբ տիրեցին Կոստանդնուպոլսին, անվանեցին Ստամբուլ ու իրենց գահը հաստատեցին էնտեղ։ Եվ ամբողջ քրիստոնեական աշխարհքն ու կուլտուրական մարդկությունը հառաչեց էս հարվածի տակ ու ողբաց էս դեպքը։ Մի ողբ ու հառաչանք, որ տևում է մինչև էսօր։