Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՎԱՆ ՈՒ ԵՐԵՎԱՆ

Սրանից հարյուր տարի առաջ, էր, որ ընկավ Երևանը, և ռուսաց հաղթական զորքը ներս մտավ Երևանու բերդը, խլեց Հասան խանից ասիական բռնակալության սիմվոլը՝ Լենկթեմուրի թուրը, ղրկեց Պետրոգրադ, ու ռուս օֆիցերները գրական երեկույթ սարքեցին պարսիկ սարդարի պալատում, առաջին անգամ ներկայացրին իրենց մի ընկեր օֆիցերի՝ Ա. Ս. Գրիբոյեդովի, նոր գրած պիեսը՝ «Горе от ума»։

Ռուս զորքի հետ Երևանի բերդ մտան մեր կամավորները իրենց ազգային դրոշակով ու իրենց ժողովրդական երգերով, որոնցից մի նմուշ է բերում Խ. Աբովյանը իր «Վերքի» մեջ։ Հենց էդ բերդը մտնելու օրն էլ սպանվեց մեր կամավորների գլխավորներից մինը, քանաքեռցի Աղասին՝ «Վերք Հայաստանիի» հերոսը։

Թե ինչ արին էդ կռվում ռուսաց զորքերը, թե ինչ արավ հայ ժողովուրդը, թե ինչ արին հայ կամավորները և թե ինչ նշանակություն ունեցավ Երևանի առումը մեր ազգի համար, դժբախտաբար էս ամենը մինչև էսօր էլ մութն են մնում մեծ հասարակության համար, բայց գործին տեղյակ ու ծանոթ մարդիկ գիտեն, թե ինչ անպատմելի աղետներ ու կոտորածներ տեղի ունեցան, ինչ հերոսական սխրագործություններ կատարվեցին, և թե ինչպես Երևանի անկումը միանգամայն ապահովեց հայոց ազգային գործի ապագան։

Երևանի անկումից հետո ամբողջ հարյուր տարի հայ ժողովուրդը երազել է Վանի անկումը։ Վանի անկումը մի տեսակ խորհրդանշանն է համարվել տաճկահայոց խնդրի լուծումի։ Եվ շատ լավագույն երազ<ող>ներ էդ անկումն են երազել, և շատ լավագույն երազողներ Վանի ճանապարհին են դրել իրենց երիտասարդ, երազուն գլուխները։ Եվ հետզհետե տաքացել է էդ ազգային գործը, ավելի ու ավելի շատ մարդ է գրավել, ավելի ու ավելի մեծ ծավալ է առել ու կազմակերպվել, և երբ բռնկեց ներկա մեծ պատերազմը, հայությունը