հրապարակ եկավ ավելի պատրաստի, քան երբևիցե։ Նա չի փոխել իր պատմական ճանապարհը, նա միայն ավելի է կազդուրվել ու կազմակերպվել էդ ճանապարհի ընթացքում՝ Երևանի պատերազմից մինչև Վանի պատերազմը։
Եվ ինչո՞ւ պետք է նա փոխվեր, քանի որ էապես ոչինչ չի փոխվել նրա աշխարհքում ու նրա կյանքում. ինչ որ էն ժամանակ լավ էր հայի համար, նույն լավն է մնում, ինչ որ էն ժամանակ վատ էր, նույն վատն է մնում։ Եվ էսօր էլ զարմանալի նույնությամբ կրկնվում են նույն դեպքերը, ինչ որ պատահել են առաջ։ Էնքան նույնությամբ, որ հաճախ դուք կարող եք միմիայն մարդկանց ու տեղերի անունները փոխել՝ էն քաղաքի տեղ էս քաղաքը դնել, էն գավառի տեղ էս գավառը, էն գեղի տեղ էս գեղը, էն քրդի տեղ էս քուրդը, էն թուրքի տեղ էս թուրքը, էն հայի տեղ էս հայը, էն կամավորի տեղ էս կամավորը, էն զորքի տեղ էս զորքը, էն գեներալի տեղ էս գեներալը, վերջապես էն պաշտոնյայի տեղ էս պաշտոնյան, առանց պատմությունից մի բառ փոխելու։
Եվ ահա՝ հարյուր տարուց հետո, էսօր էլ ընկնում է Վանը։ Ռուսաց հաղթական զորքի հետ ուս-ուսի Վան են մտնում մեր կամավոր խմբերը, դարձյալ ռուսաց ազգային դրոշակի հետ փողփողում է մեր ազգային դրոշակը, դարձյալ ռուսաց զինվորական մարշի հետ հնչում է մեր ժողովրդական ազգային երգը.
|
Բայց… էս անգամ վերջին անգամն է, որ մենք երգում ենք էս տեսակ ազգային երգ, էլ հայ ժողովուրդն էս տեսակ լալկան երգ չի երգելու, էլ հայ բանաստեղծն էս տեսակ երգ չի հորինելու Վանի պատերազմից հետո։
Ինչ որ հաջող ու բախտավոր սկսեց Երևանի պատերազմը՝ պետք է լրացնի, վերջացնի ու պսակի Վանի պատերազմը․