Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վան ու Երևան՝ կնշանակի հայություն, մի հայություն, որ դարեր առաջ, իր բարձր կուլտուրայով ու իր ճոխ գրականությունով ընկավ իր աշխարհքի փլատակների տակ և միայն այժմ է դուրս գալիս՝ երկար դարերից հետո, անթիվ կյանքերի ու նրանց ջանքերի շնորհիվ։

Փա՜ռք ու պարծանք ռուսաց մեծ ազգին ու իր հաղթական զավակներին, փա՜ռք ու պարծանք մեր քաջարի կամավոր խմբերին և հավերժական հանգիստ ընկածներին ու նահատակներին, որ իրենց մահով իրենցից հետո ապրողների հանգիստը, մարդավայել կյանքն ու մարդկային պատիվն ապահովեցին։

Սրանով միանգամ ընդմիշտ ջնջվում է կյանքի, գույքի ու պատվի անպատվաբեր ու թշվառ խնդիրը։ Առասպել են դառնում անվերջ կոտորածներն ու սարսափները։ Կանգ են առնում գաղթականների ու պանդուխտների ողորմելի շարանները ու նրանց օգտին հանգանակությունները։ Քանդված ու քայքայված հայ ժողովուրդը նորից դառնում է մի ժողովուրդ, որ, իր ամոթն իր երեսին, ապրում է իր կյանքով և իր ամբողջ ուժն ու եռանդը գործ է դնում իր կուլտուրական, բարոյական, տնտեսական վերաշինության ու զարգացման վրա։

Գալիս է և նոր գրականություն, որ հոգևոր գերությունից է ազատագրելու հայ հոգին, մաքրելու է նրան շատ ստացական արատներից, հանդես է բերելու մի ինքնուրույն, նոր ու հզոր հոգի և մեծ աշխարհքից, մեծ կյանքից ու նրանց գեղեցկություններից է խոսելու հայի հետ։ Կգան և նոր գրողներ, որոնց սրտերը կոտրած չեն լինիլ, որոնք կտեսնեն իրենց թիկունքին կանգնած մի ազատ, առողջ ու ամբողջ ժողովուրդ և նրա մաքուր ու կենդանի շնչով զորացած, բարձր ու զվարթ կխոսեն աշխարհքի առջև, ազգերի առջև և էլ մաղձ չի լինիլ նրանց խոսքերում, էլ թշնամություն չի հնչիլ նրանց երգերում։