Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի պարոն, հայ ժողովրդի էս անպատում աղետի հանդեպ, վեր է կացել ու ազգային քաղաքական ղալմաղալ է սարքել։ Հայ գաղթականության մեջ նա՝ ռուսների կողմից հովանավորված մի քաղաքականություն է տեսնում, մի քաղաքականություն, որ ուղղված է Կովկասի բնիկ ժողովուրդների դեմ, իսկ Կովկասի բնիկ ժողովուրդներ համարում է միայն վրացիներին ու թուրքերին։ Ասում է հայերը ռուսների գալուց հետո են հանդես գալիս Կովկասում՝ իբրև նոր, երրորդ ժողովուրդ։

Ես չեմ խոսելու էն մասին, թե էս վեճն ինչո՛ւ է տգեղ ու ապարդյուն, այլ միայն ուզում եմ մի թեթև փորձ անեմ, ցույց տալու, թե ինչքան է տգետ։ Եվ սրա համար միանգամայն մի կողմը թողնելով հայ ժամանակագիրների ու Եվրոպայի գիտնական ճանապարհորդների բոլոր վկայությունները, որոնք գուցե թե վիճելի համարվեն կամ աչառու, վերցնելու եմ միմիայն վրացական աղբյուրներն ու կառավարական պաշտոնական արձանագրությունները։

Ահա վրաց շատ հայտնի պատմագիր ու աշխարհագիր արքայազն Վախուշտը, Վախթանգ VI-րդի որդին, որ ծնվել է ռուսների Կովկաս գալուց մի դար առաջ և որը ո՛չ միայն Վրաստանն ու սահմանակից երկիրներն էր քաջ ուսումնասիրել, այլև էդ երկիրներում ապրող ժողովուրդների լեզուները լավ գիտեր, ինչպես և հայերենը։

Տեսնենք ինչ է ասում մեզ զբաղեցնող առարկայի մասին էսքան արժանահավատ ու լուրջ մի վկա, որի խոսքը, կարծում եմ, թանկ պիտի լինի ամեն մի Грузин-ի՝ վրացու համար։

Վախուշտը իր շատ նշանավոր «Վրաստանի աշխարհագրության» մեջ Բերդուջ գետն է դնում սահման պարսից և վրաց տիրապետության։ Բերդուջը էն գետն է, որ գալիս է Ղարաղաչի սարերից, Ջալալօղլու ձորովն անցնում, Քոլագիրան կայարանից ներքև Փամբակա ջրին միանում ու կազմում Դեբեդը։ Եվ խոսում է էդ գետից դեպի հյուսիս, դեպի Թիֆլիզ գտնվող երկրի մասին։