Ինչպես տեսնում եք, խոսքը ոչ թե Արարատյան երկրի, Շիրակի ու Ղարաբաղի վրա է, այլև մի երկրի, մի շրջանի, որ անմիջապես կպած է Վրաստանին, հետևաբար և մեր վեճի տեսակետից ամենախախուտը։
Ահա, թե էս երկրի գավառները թվելով ու նկարագրելով, ինչ է ասում Վախուշտը։
Առնում է Սոմխեթը։ Սոմխեթը արդեն վրացերեն բառ է և կնշանակի Հայաստան։ Սոմխեթը բռնում էր Դեբեդի ու Ալգեթի միջի տարածությունը։ Ասում է՝ էս տեղերում ապրողները հայկական դավանության են և քչերը կան վրացական դավանության։
Առնում է Տաշիրը, որ իր մեջ ամփոփում է Լոռու դաշտը և Բերդուջ գետի, Ղարաբաղի ու Քոքի լեռների միջի տարածությունը։ Ասում է՝ բնակիչները հայեր են։
Առնում է Աբոցի շրջանը, որ րնկնում է Տաշիրից արևմուտք, դեպի Ախալքալաք, դարձյալ բնակիչները հայեր են եղել։
Առնում է Դումանիսի շրջանը, որ Սոմխեթից ու Տաշիրից հյուսիս է ընկնում։ Ասում է՝ բնակիչները մեծ մասամբ վրացի են։ Հայ ազգաբնակությունը չի որոշում, բայց կա, և Տաշիրի հայ ժողովուրդը սրա՝ Դումանիսի հովվությանն է պատկանում։
Թիֆլիսի մասին խոսելիս ասում է՝ բերվի ու Սեյդաբադի բնակիչները մահմեդականներ են։ Բերդից դուրս գլխավորապես հայեր են և սակավաթիվ էլ վրացիներ։
Թուրքերին թվելիս հիշատակում է բորչալու ցեղը, որ Շահ-Աբասը բերեց բնակեցրեց Քռի ափերին, որոնց անունով կոչվեց և երկիրը Բորչալու, ինչպես եկվոր ղազախ թուրք ցեղի անունով էլ մյուս երկիրը կոչվեց Ղազախ։ (Царевич Вахушти, География Грузии, пер. М. Джанашвили, Записки Кавк. отд. Имп. русск. геогр. общ., кн. XXIV, вып. 5).
Էս ռուսների գալուց առաջ։ Իսկ ռուսները որ եկան, ի՞նչ տեսան։