Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդիսանալով, իրար հետ ծանոթացնում ու կապում փոխադարձ սիրո կապերով։

Եվ անկասկած մեծապես շոյում է մեր ժողովրդի ազգային ինքնասիրությունը և մխիթարում է նրա վշտացած սիրտը էս հարգանքով ու սիրով լիքը վերաբերմունքը մեծ գրականության կողմից։

Ողջունում ենք մեր հռչակավոր կոլեգային ու իր գեղեցիկ գործը։

Բարի գալուստ։


ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

«Հորիզոն» № 9-ում պարոն Վարանդյանը իր «Ամոթալի երևույթ» վերնագրով հոդվածում, նկատելով ռուսների ու վրացիների քչությունը Վալերի Բրյուսովի դասախոսության ժամանակ, ասում է՝ վրացիներն էլ եկել էին հրավերով։

Սրա մեջ մի փոքրիկ թյուրիմացություն կա, որ հարկավոր եմ համարում պարզել։

Եկող վրացիները ո՛չ թե չէին հրավիրված, այլ մինչև անգամ վաղօրոք էին գրվել դասախոսությանը, երբ դեռ տոմսակ չէր էլ վաճառվում և խնդրել էին տոմսակներ պահել իրենց համար։ Հրավիրված էին միայն մամուլի ներկայացուցիչները, որոնցից ոմանք էլ առաջուց խնդրել էին՝ իրենց չմոռանալ։

Ինչ վերաբերում է ռուսներին, ռուսերեն հայտարարությունը ինչ-ինչ պատճառներով ուշ լույս տեսավ, մինչև լույս տեսավ ու ռուսներն իմացան, շտապեցին, տոմսակ գնելու, էլ տոմսակ չկար։ Շատ ցավեցին, մինչև անգամ նեղացան, և դիմեցին թե՛ պարոն Բրյուսովին, և թե՛ Հայոց գրողների ընկերության վարչությանը՝ եթե կարեի է կրկնել, որովհետև իրենք զրկվել են իրենց սիրելի բանաստեղծին ու քննադատին լսելու հաճույքից։