Սրան պետք է ավելացնեմ, որ հայերից էլ մեծ բազմություն բուռն ցանկություն են հայտնում, որ նորից կրկնվի դասախոսությունը, և շատ են դժգոհ, որ տոմսակ չեն գտել։
Շատ ուրախանալով, որ էսքան նեղացել են, և ի սրտե ցանկանալով, որ շատ լինեն էս տեսակի դժգոհություններ, կարող եմ հայտնել, որ պարոն Բրյուսովը Երևանից վերադարձին, Մոսկվա վերադառնալուց առաջ, թերևս, մի նոր դասախոսություն կարդա «Հայոց պատմության մասին», մեջընդմեջ հյուսելով հայոց գրականության պատմությունը։
Էս օրերին, երբ, մեր ազգային աղետի ծանրության տակ ճնշված, զգում ենք մեզ ֆիզիկապես անզոր ու տկար, էս օրերին հեռու հյուսիսից մեզ մոտ է գալիս ռուս հռչակավոր բանաստեղծը՝ Վալերի Բրյուսով, և խոսում է մեր բարոյական-հոգեկան ուժի ու մեծության մասին՝ «Հայոց բանաստեղծության մասին»։
Նա հայոց բանաստեղծությունը անվանում է հայ ազգի ազնվականության վկայական։
Այո՛, հիրավի, հայ հանճարը կարողացել է խոսել մարդկային սրտի ամենանվիրական ու ամենաքնքուշ զգացմունքների հետ և կարողացել է հասնել մինչև Նարեկացին, որ ապաշխարողի կերպարանքով, իր գլուխը բարձրացրել է մինչև երկինք ու զրույց է արել աստծո իրեն հետ երես առ երես։
Եվ նույնիսկ էսօր էլ, թեպետև իր հայրենիքի մի ծայրից մինչև մյուսը հոշոտված ու արյունաթաթախ, միայն խորապես խոցված ու ծանր վշտացած է հայը և ոչ թե խորտակված ու հուսահատ, և չի դադարել ստեղծագործության ոչ մի ասպարեզում։