Սրանից էլ ավելի մեծ ի՞նչ ազնվականության վկայական կարող է ներկայացնել աշխարհքին մի ժողովուրդ։
Եվ ահա էս տեսակ մի ստեղծագործող ու ազնվական ազգի արժանապատվության զգացմունքով ու ազնիվ հպարտությամբ կարող ենք ասել․
— Այո՛, մեր թանկագին հյուր և ազնիվ բարեկամ, մենք միշտ ունեցել ենք էդ բարձր վկայականը։ Բայց էդ վկայականը էն վկայականներից չի, որոնց վրա դրված է մարդկային իշխանության կնիքը, էդ էն վկայականներից է, որոնց վրա բնությունն ու աստված են դրել իրենց կնիքը, և, դրա համար էլ, ինչքան դժվար է դրա ունենալը, էնքան էլ դժվար է կարդալը։ Սա էն գիրն է, որի մասին մեր Սայաթ-Նովեն ասում է․
— Ամէն մարթ չի կանա կարթա իմ գիրն՝ ուրիշ գըրէն է…
Դուք եղաք էն հազվագյուտ մարդկանցից մինը, որ կարողացաք կարդալ էս կախարդական գիրը ամբողջ աշխարհքի առջև։ Մեզ էս կողմից քիչ են ճանաչում լուսավոր աշխարհքում, և մանավանդ Ռուսաստանում։ Ռուսաց նշանավոր գրողներից առաջինն եք դուք, որ ձեր հռչակավոր ընկերների հետ միասին մեր և մեր եղբայրակից ժողովուրդների ստեղծագործական կարողությունը ու գեղարվեստական գործերը հիացումով հանում եք լայն հրապարակ և փոխադարձ հարգանքի ու սիրո կապերով ժողովուրդները շաղկապում իրար հետ։
Էս բարձր ու գեղեցիկ գործի համար Հայոց գրողների ընկերության անունից հայտնում եմ Ձեզ մեր լիասիրտ շնորհակալությունը։ Ողջունում եմ Ձեզ, որպես ռուսական գրականության խոշոր ներկայացուցչի, և սիրով ու պատկառանքով խոնարհում եմ ռուսական մեծ ազգի հոյակապ գրականության առջև՝ Պուշկինի, Լերմոնտովի, Գոգոլի, Դոստոևսկու, Տուրգենևի, Չեխովի, Տոլստոյի և իրենց արժանավոր ժառանգների գրականության առջև, որի վրա կրթվել են մեր գրողներից ու մտավորականներից շատ շատերը։