Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի ժողովուրդ, որ ուզում է գրականություն ունենա, պետք է իսկական գրողներ ունենա, գրականությանը նվիրված մարդիկ ունենա ու նրանց կարողանա պահել իրենց գործի վրա։

Մեզնից ոմանք կարծում են, թե գրողների գրվածքները տպագրելով ու վաճառելով, տարածելով կարելի է էդ նպատակին հասնել։

Սխալվում են։

Դա ցավին կօգնի միայն մասամբ։ Եվ ավելի շատ կնպաստի շատ գրելու գործին, բայց գրականությունը քանակով չի գրականություն, այլ որակով, և գրողը նրանով չի նշանավոր թե ինչքան է գրում, այլ թե ինչ բան է գրում։ Լավագույն գրողներից շատերի գրական գործերը, եթե հավաքեք թեկուզ իր գործունեության վերջին շրջանում և տպագրեք ու վաճառեք, դարձյալ նրանց համար ապրուստ չեն դառնալ, մանավանդ փոքրիկ ժողովուրդների մեջ՝ էն գրական գործերը, որ ապագայում շատերի համար են ապրուստ դառնալու և իրենց ազգերի համար էլ հոգևորական կյանք ու հարստություն։ Եվ իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ, այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում։


ՊԵՏՔ է ԸՆԴՈՒՆԵԼ

Մեծ պատերազմի աղետից չափիցը վեր մեծ բաժին հասավ մեզ, և աղետն էլ տեսակ-տեսակ՝ կոտորած, ավերած, գաղթականություն, բռնաբարություն։

Այո՛, և բռնաբարություն, գրեթե ամեն տեղ ու ամեն կողմից, ամբողջ Տաճկահայաստանում ու պատերազմի բոլոր սահմաններում։ Ու բռնաբարության հետևանքով հազարավոր հայ այրի կանայք ու աղջիկներ էսօր կանգնած են մի շատ ծանր դրամայի առաջ՝ ապօրինի երեխաներ են ծնելու, այսինքն նոր ու անվերջ տանջանքներ իրենց համար։