Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրականության, գիտության ու հրապարակախոսության ասպարեզում գործող, մեծ թե փոքր, մեր բոլոր մտավորականների պարտականությունն է միանալ, միասին ընդգրկել էս կենսական գեղեցիկ խնդիրները ու առաջ տանել։

Եվ մեզ ոչ մի բան չի պակասիլ, երբ մեզ հետ է մեր ժողովրդի բուռն համակրանքն ու ոգևորությունը։


ՀՍԿԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Ժողովուրդները ոչ մի բանի մեջ էնքան պարզ ու պայծառ չէն երևում, ինչքան իրենց ազգային էպոսի մեջ։

Ռուս ժողովուրդը տակավին չի ամբողջացրել իր ազգային էպոսը, բայց տեսեք, թե նրա մասերում — былина-ներում ինչ վսեմ պարզությամբ ու ինչքան հոյակապ տալիս է իրեն պատկերը։

Ահա նրանցից մեկից մի փոքրիկ կտոր, որ շատ է պատշաճ մեջտեղ բերելու էս նշանավոր օրը։

Былина–ի վերնագիրն է «Исцеление Ильи Муромца»։ Պատմում է, թե ինչպես բժշկվեց երկար ժամանակ անդամալույծ, հաշմանդամ ընկած Մուրոմցի Իլիան։ Իսկ Մուրոմցի Իլիան արդեն գիտեք, որ ինքը ռուս ժողովուրդն է։

Ասում է՝ էն ժամանակ, երբ իշխան Վլադիմիրը թագ էր կապում Կիև մայրաքաղաքում, Մուրոմի Կարաչարովա գյուղում մի գյուղացի էր ապրում, Իվան Տիմոֆեևիչ։ Գյուղացի Իվան Տիմոֆեևիչը մի տղա ուներ Իլիա անունով, որին ամենից շատ էր սիրում։

Բայց նստած էր Իլիան իր տեղը անշարժ,
Ընկած էր ուղիղ երեսուն տարի,
Ոտն ու ձեռ չուներ երեսուն տարի,
Ու փեչի վրա էնքան էր պառկել,
Որ փոս էր ընկել տեղը իր պառկած․․․