Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կնքեր նրան իր անունով։ Ասում եմ մեր աշխարհքում, որովհետև Հիմալայան լեռներն էլ ունեն Մասիս անունը։

Եվ մայր աստվածուհին Մա կամ Ամմա՝ քաղաքների պաշտպանն էր միևնույն ժամանակ ու նստում էր նաև մեծ քաղաքների դարպասներին։ Եվ ո՜վ գիտի ինչ կապ ունեն նրա հետ մեր հին առասպելական անունները Ար-մա-վիր, Ար-մա-իս, Ամմա-սիա և այլն։

Էսպեսով՝ շատ է հավանական, որ Մասիսը երբեմն եղած է հայոց Ոլիմպոսը, ուր բնակություն ուներ աստվածների մայրը իր աստվածային գերդաստանով։ Եվ էդ պատճառով էլ Ազատ էր, այսինքն՝ հանդիսանալով բնության մեծ ուժերի մարմնացումը, արժանացած էր երկրպագության և զոհաբերության։ Սուրբ էր ու սրբազան։ Թերևս սրանից էր, որ հողեղենը, ըստ ավանդության, չէր կարող նրա գլուխը բարձրանալ, գնալ աստվածներհ բնակավայրը։

Եվ, անշուշտ, էս պաշտամունքն ընկել է հին աստվածների անկումի հետ միասին։

Բնոճակ․ բույն, բնավայր։ Ջնշելի է, եթե թրք․ օճաք բառեն է։

Եթե չեմ սխալվում բնոճակ չի, այլ բնուճակ և ոչ մի կապ չունի օճաքի հետ։ Բուն արմատից և ճակ նվազական մասնիկից է բաղկացած, ճիշտ էնպես, ինչպես կա թև և թևճակ։ Կնշանակի փոքրիկ բույն։ Օր․ ասում են բողոճի բնուճակ, բայց չի կարելի ասել թռչունի բնուճակ կամ աղվեսի և կամ մկան։

Դան․ կերակուրին եփելու աստիճանը․ Դանը գալ-կերակուրին եփելու աստիճանը գալ։ Փլավի դանը տեղն է -եփը լավ է, ոչ շատ է եփած, ոչ քիչ։

Դան դնել․ քիչ կրակի վրա դնել, որ հյութը պետք եղածին չափ դուրս գա։ Չայ, փլավը դան դնել, դանը տեղն է․ -Դանի ժամանակն անցել է․ չափիցն ավելի մնացել է կրակի վրա, շատ եփեր է։ Դանը առավ, եփելու չափը հասավ։