Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էսպեսով՝ կանոնավոր կերպով ստեղծվել է հայ ժողովրդի պարբերական մակընթացությունը և տեղատվությունը դեպի Վրաստան և Վրաստանից ետ։

Եվ էս երևույթը շարունակվում է մինչև էսօր, մինչև Բակուրիանիի լեռների ու Ալազանիի հովիտի գաղթականությունը։

Երկու քրիստոնյա կուլտուրական ժողովուրդների համար էլ, հայի համար էլ, վրացու համար էլ, սա եղել է մի ընդհանուր աղետ։

Եվ երկու ժողովուրդն էլ եղբայրորեն կարեկցել են իրար, իրար օգնել ու միասին կանգնել դիմագրավել են ընդհանուր թշնամուն, լավ հասկանալով, թե իրենց ճակատագրերը ինչպես սերտ կապված են իրար հետ։

Երկու ժողովրդի պատմությունն էլ անվերջ վկայություններ ունեն էս մասին։

XI դարում, մահմեդական հեղեղի էն ամենաթունդ ժամանակը, էնպես պատահեց, որ մի ուրիշ մեծ հեղեղ վեր կացավ դրա դեմ արևմուտքից, որ պատմության մեջ հայտնի է Խաչակրաց արշավանք անունով։ Ու բռնկեց էսօրվա համաշխարհային պատերազմի նման մի մեծ պատերազմ, նա էլ մահմեդական վտանգի դեմ, սուրբ Երկիրն ու Փրկչի գերեզմանն ազատելու համար։ Էն ժամանակ էլ, ճիշտ էսօրվա նման, երբ եվրոպական խաչակիր բանակները հայտնվեցին Պաղեստինում, մահմեդական հեղեղը, որ արդեն խեղդում էր Հայաստանն ու Վրաստանը, ետ դարձավ դեպի խաչակիր բանակը, և Հայաստանն ու Վրաստանը ազատ շունչ քաշեցին։

Հայաստանում՝ էստեղ-էնտեղ, ամուր վայրերն ապավինած իշխանական տների մնացորդները գլուխ բարձրացրին և զանազան տեղեր ստեղծեցին տասնից ավելի թագավորություններ։ Էդ թագավորություններից մեկն էր և Լոռու Կյուրիկյան թագավորությունը, որի պատմությունը, դժբախտաբար, մինչև էսօր մութն է մնում։