Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վրաստանը բաց մնացին մահմեդական զորքերի առաջին։

Դարձյալ սկսվեցին կոտորածներն ու հին ծանոթ բարբարոսությունները, դարձյալ հայ ժողովուրդը բռնեց հին պատմական փախուստի ճանապարհը — և ամենից առաջ դեպի Վրաստան։

Եվ ահա, ինչպես մոտ տասը դար առաջ, հենց էդ ամենատագնապալի ժամանակ եվրոպական խաչակիր զորքը նույն Պաղեստինում մի հսկայական զարկով միանգամից էնպես է զարկում տաճկական վիշապի թիկունքին, որ նա ստիպված է լինում իր արյունոտ ճանկերը ետ քաշել Բաքվից ու Անդրկովկասի հայկական շրջաններից ու Վրաստանի սահմաններից և կծկվել դեպի իր հին որջը։ Եվ միանգամից թեթևանում է հայի ու վրացու ծանր վիճակը, ազատ շունչ են քաշում, դեմոկրատական սոցիալիստական հանրապետություններ են կազմում և․․․ սահմանային շրջանների կռվի են վերկենում և գաղթականների շուրջ են աղմկում։

Վրաստանի սոցիալիստական հանրապետությունը, իր սահմաններն ապահովելու համար, իրենն է հայտարարում Ախալքալաքի, Բորչալուի, Ղազախի, Լոռու և Փամբակի շրջանները։

Հայաստանի Հանրապետությունը իր զինվորներն է ղրկում բռնելու նույն շրջանները։

Վրաստանի պահանջը, անշուշտ պատմական-քաղաքական պահանջ է, ոչ թե պատմական-կուլտուրական կամ ազգագրական, որովհետև էդ շրջանները կամ ամբողջովին կամ մեծ մասամբ բռնված են հայերով կամ թուրքերով, և անկասկած, խախուտ պահանջ է, հատկապես սոցիալիստ մարդկանց համար։ Բայց ես կարծում եմ, էս խնդիրը լուրջ պետք է նայվի վրացի ժողովրդի իրական կարիքի տեսակետից, հողի ու տեղի պակասության տեսակետից։

Եթե էսօր պատմության բերմունքով դրությունը փոխվել է և հայն ու թուրքը շատ հող ունեն՝ վրացին քիչ,