է հասել։ Գոնե ինձ այլևս չեն ուրախացնում ո՛չ հանրապետություն և ո՛չ անկախություն խոսքերը։ Կորցրել եմ ուրախանալու ընդունակությունս։ Կարծեք թե արտասուքի տակից այլևս չեմ նկատում նրա նոր ծագող արշալույսը։ Ընդհակառակը, մռայլ կասկածները սարսափ են ազդում դեռ [առաջիկա] մոտակա օրերի վերաբերությամբ, և ես այժմ միայն մի բան եմ ցանկանում նրան՝ մի հաստատուն, հզոր ու լուսավոր հովանավորություն, որ նա փրկվեր էս դրությունից և կազդուրվեր ժամանակի ընթացքում։
Մեծ ալեկոծությունների ու ցնցումների հետ միասին, եթե ի նկատի ունենանք մեր ժողովուրդներից ամեն մեկի ներքին քայքայումը, երկպառակություններն ու դրացիական անվերջ վեճերը, պատկերը կատարյալ կլինի։ Ահա հենց, օրինակ, սահմանային վեճը, որ հենց նորերս առաջ բերեց հայ-վրացական ոճրային ընդհարումը, էնքան դժբախտություն պատճառեց երկու կողմի ժողովրդին էլ, էնքան թունավորեց ու տակավին չի էլ վճռվել։ Մի հարց, որի վճռելն ու որոշելը շատ ու շատ ավելի հեշտ գործ է, քան թե կարծում են մեր սոցիալիստական ու դեմոկրատիկ հանրապետությունները։
Բայց ինչ որ հեշտ է բանաստեղծի համար, դժվար է, հաճախ անկարելի է դիպլոմատի համար, որովհետև սրանք երկու տարբեր արարածներ են, երկու տարբեր աշխարհայացքներ ու հոգեբանություններ։
Բանաստեղծը կամ փիլիսոփան ասում են՝ լեզուն նրա համար է, որ մարդ իր միտքը պարզ հայտնի աշխարհքի առաջ, իսկ դիպլոմատը կամ իշխողը ասում է՝ լեզուն նրա համար է, որ մարդ իր միտքը թաքցնի։ Բանաստեղծը կամ փիլիսոփան իրենց շնորհքն ու ազդեցությունը գործ են դնում ժողովուրդներին տանելու խաղաղ, շինարար աշխատանքի, դեպի սեր ու եղբայրություն։ Դիպլոմատը կամ իշխողը իրենց ուժն ու ճարպկությունը գործ են դնում հարևանին խաբելու, խեղդելու և կողոպտելու, այսինքն հաղթություն տանելու։