Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի Լև Տոլստոյ ասում է. «Պետությունների սահմանները պիտի որոշվեն ո՛չ թե սրով ու արյունով, այլ ազգերի իմաստուն համաձայնություններով»։ Կամ մի Կիկերոն ասում է. «Աշխարհքի բոլոր վեճերը վճռվում են կամ բանականությունով կամ ուժով։ Առաջին միջոցը հատուկ է մարդուն, երկրորդը՝ անասունին, կենդանուն»։

Իսկ մի Բիսմարկ հայտարարում է, թե «Մեծ խնդիրները կարող են վճռվել ոչ թե ճառերով ու ձայնատվությամբ, այլ սրով ու արյունով»։

Եվ աշխարհքը կառավարում են դիպլոմատներն ու իշխողները, ոչ թե փիլիսոփաներն ու բանաստեղծները։

Այո՛, իմ թանկագին բարեկամ, շատ չնչին բացառությամբ աշխարհքների կառավարիչները կյանքի խնդիրները վճռելիս գերադասում են էն միջոցը, որ հատուկ է անասունին, այսինքն ուժը։ Կառավարելու ուրիշ եղանակ դեռ չեն գտել ու չեն հասկանում, և դեռ հպարտանում ու պարծենում են դրանով։

Վերջին մեծ հեղափոխությունից հետո, մեզանից շատ միամիտներ կարծեցին, թե միանգամից արդեն ազատվեցինք հին դիպլոմատիայից ու կառավարության հին ռեժիմից. բայց անողոք ու իմաստուն ժամանակը, որ ամեն բան դրսևորել գիտի, ձեռաց ցույց տվեց երևույթների ներքին բովանդակությունը և միանգամ ընդմիշտ համոզեց ամենքիս, որ էնքան էլ հեշտ չի հին մեղքից ազատվելը։

Էս բոլոր դեպքերը, որոնց վերահասու և կամ ականատես եղանք մենք, մի ավելորդ անգամ էլ պարզ ցույց տվին, թե ինչքան դժվար են կատարվում մեծ գաղափարների հաղթանակները, և ինչքան շատ են նրանցով դիմակավորվում մարդիկ։