ու թշնամությունը և իրար մոտենալ, կապվել համերաշխության ու եղբայրության կապերով։
Վերջերս, իմ ծննդյան հիսնամյակի առիթով եղած շնորհավորանքների ժամանակ, ես համոզվեցի, որ գործն արդեն շատ է հասունացած։
Տեսա, որ մեր հարևան ժողովուրդների ներկայացուցիչները ինչքան իրենց հարևան ժողովրդի գրականությունը հարգելու համար են գալիս, բայց շատ ավելի նրանց շարժել է էն հանգամանքը, որ ես կողմնակից եմ եղած ժողովուրդների համերաշխությանը։
Մեր հայ հասարակությունն էլ երբեք էնքան բուռն չծափահարեց իմ բանաստեղծությունը, որքան իմ էդ զգացմունքը և ազգերի եղբայրության խոսքը։ Մեր նոր երիտասարդությունը ոգևորված ծափերով ընդունեց, երբ իմ՝ իրեն ուղղած խոսքի մեջ իբրև կտակ խնդրում էի թողնել հին ճանապարհը, խրատ առնել հին սերնդի փորձերից և, փոխադարձ երջանկության համար, համերաշխության կապեր հաստատել հարևան ժողովուրդների հետ։ Եվ պետք է տեսնել, թե ամեն անգամ ինչ ոգևորություն է տիրում մեր հասարակությանը, երբ, իր բանաստեղծների հետ միասին, նրա առջև հայտնվում են հարևան ժողովուրդների և առհասարակ օտար ժողովուրդների բանաստեղծները։ Սրանով մեր ժողովուրդներն իրենք արդեն ցույց են տալիս ճանապարհը և հրամայում են գնալ էդ ճանապարհով։
Ժամանակ է, որ մեր կառավարող շրջաններն էլ հասկանան ժամանակի ու ժողովուրդների պահանջները, իրենք էլ մի քիչ բանաստեղծ դառնան, իրենք էլ, բանաստեղծների ու հասարակ ժողովուրդների հետ միասին, գան եղբայրության կամուրջի մեջտեղը՝ եղբայրորեն համբուրվելու։ Այլապես նրանց էլ կհասնի էն վատ կառավարիչների ճակատագիրը, որոնք խորտակվում ու անեծքով են կորչում իրենց վատ ճանապարհին՝ եղբայրության, խաղաղության և արդար աշխատանքի դրոշը տանող ժողովուրդների ոտների տակ։