Էս համոզմունքով ու էս զգացմունքով մենք իրար կգանք, և մեզ հետ բոլոր նրանք, որոնք բանաստեղծ են հոգով։
Ավելի թափով ու միաբան կանցնենք գործի, մի լուսավոր ու փրկարար գործի։
«Ժողովրդի ձայն»-ի № 75-ում պ․ Սիրվանյանը մի առաջարկ է անում մեր Հովհ․ Աբելյանի և իմ հոբելյանի առիթով։ Ցավում է, որ մերոնք միայն ճառերով ու ծափերով են հոբելյան տոնում։ Առաջ է բերում հանգ․ Ալ․ Ծատուրյանի խոսքերը և առաջարկում է վերջ դնել լոկ ճառերով ու ծափերով հոբելյան տոնելուն, այլ ապահովել հոբելյարներին, որ իրենց գործին նվիրվեն։
Պարոն Սիրվանյանը, եթե իմ հոդվածներից էլ առաջ բերեր մեր հոբելյանների մասին, կտեսներ, որ ես միանգամայն ուրիշ կարծիքի եմ։ Երբ ժողովուրդը հոբելյան է տոնում, նա էդ օրերում վերագնահատում կամ գնահատում է հոբելյարին և իր զգացմունքներն է մեջտեղ բերում, այսինքն ամենամեծը, ինչ որ էդ օրը կարելի է բերել։ Ինչ վերաբերում է ապահովությանը՝ էդ հարցը պետք է լինի ընդհանուր ձևով, ամենքի համար, ոչ թե մասնակի ու հենց հոբելյանի օրը։
Շնորհակալություն հայտնելով պ․ Սիրվանյանին իր ազնիվ ցանկության համար, ես խնդրում եմ մեր հասարակությանը իմ վերաբերությամբ արձագանք չտալ նրա կոչին և մամուլի խնդիր չշինել իմ խնդիրը, որպես մասնավոր խնդիր։