գրքերը տանելու համար պարոն Ե. Լալայանը, մինչև անգամ լինելով Գրական ընկերության վարչության անդամ՝ աշխատել է ուրիշներին մոլորեցնել, հավատացնելով, թե Գրական ընկերությունը, իր կանոնադրությամբ, գրադարան ունենալու իրավունք չունի, մինչդեռ ունի, էն էլ ոչ թե մի գրադարանի, այլ գրադարանների։ Հավատացրել է, թե էդ ընկերությունները միանալու են, այնինչ էդ տեսակ բան չկա և չի կարող լինել։ Եղել է Ընկ<երության> վարչության նիստերին, լսել է, լսել է և գնացել է արել էն, ինչ որ արդեն հայտնի է և դատապարտված է մի անգամ։
Էս է խնդիրը։ Թեև Ընկ<երության> վնասն էլ կա, բայց դա գոնե ինձ համար խնդիր չի, ոչ էլ մի մեծ կորուստ, և խնդրի բարոյական կողմն է միշտ մնում լուրջ ու վերին աստիճանի ցավալի։
Պ<արոն> Ե. Լալայանը իր էս չափազանց տգեղ վարմունքը ծածկելու համար առարկում է, թե՝ հո իրեն համար չի էդպես արել և քանիերորդ անգամն է կրկնում, թե իրեն կարծիքն է, որ Հայոց գրական ընկերությունը գրադարան ունենալու իրավունք չունի։ Սակայն ո՞վ նրան իրավունք կտա էսքան չհասկացող ձևանալու։ Մի րոպե ընդունենք, որ նա իրեն համար չի էդպես արել, բայց մենք էն ենք ասում, թե առհասարակ էդպես անել չի կարելի, ում համար ուզում է լինի։ Չի կարելի հետին մտքերով գնալ նստել ընկերությունների կամ ընկերների մեջ, նրանց խոսակցությունները լսելուց հետո նրանց դավադրաթյուններ սարքել և դրա անունը դնել ծրագիր։ Չի կարելի գնալ ուրիշներին խաբել, էն ինչ որ կա, հավատացնել թե չկա, և դրա անունը դնել կարծիք։
Երևակայեցեք, մինն ինձ հարցնի, թե՝ Երվանդ Լալայանը գոյություն ունի՞, թե չէ։ Ես հավատացնեմ, որ գոյություն չունի։ Հետո երբ որ բանը բացվի ու ինձ պատասխանի կանչեն, արդարանամ նրանով, թե՝ դա իմ կարծիքն է։
Էդ տեսակ կարծիք չի լինիլ, պարոն Ե․ Լալայան։ Եվ եթե դա հենց ձեր կարծիքով կարծիք է, հապա ինչո՞ւ էդ կարծիքը